Ես բեմը համարում եմ սուրբ տեղ, բեմն ինձ համար քաղաքականության խառնելու տեղ չի. Տիգրան Համասյան
Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության ընթացքում նոյեմբերի 20-23-ը երեք համերգով հանդես կգա Երևանում՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում: Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Համասյանն ասաց, որ այս համերգաշարը վերջին 5-6 տարվա ծրագրերի ամփոփումն է։
«Լինելու է սոլո ֆորմատ, դուետ և տրիո։ Ավելի շատ ներկայացվելու են իմ կոմպոզիցիաները»,- ասաց երաժիշտը։
Խոսելով հաջողությունների մասին և ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ երաժիշտներին, Տիգրան Համասյանը նախ իր համոզմունքը բարձրաձայնեց. «Առանց քրտնաջան աշխատանքի ոչ մի բան չի լինում։ Քրտնաջան աշխատանքի արդյունքները միանգամից երևում են, այդ ամեն ինչն արձագանք է ունենում։ Հնարավոր չէ քիչ աշխատանքով որակ ստանալ»։
Տիգրան Համասյանին հարց ուղղվեց, որ այսօր հայ ազգի մտահոգությունների կիզակետում Արցախի հարցն է, որն այլևս հայկական չէ, ինչպիսի՞ զգացողություն ունի, նա պատասխանեց. «Այնպիսի զգացողություն, ինչպիսին բոլորի մոտ է՝ ցավ եմ ապրում։ Երբ ինքս հասկանում եմ, որ ես անձամբ որևէ բան չեմ կարող անել հարցի լուծման համար, անիմաստ է դառնում ամեն օր այդ պատճառով նյարդայնանալ, մտածել դրա մասին, ֆիքսվել դրա վրա։ Ես անձամբ ի՞նչ կարող եմ անել ինչ որ բան փոխելու համար։ Ես դա կարող եմ անել ուսման, երաժշտության, արվեստի միջոցով։ Իմ մասով փորձում եմ դա իրականացնել։ Թե քաղաքական ինչ ինտրիգներ են այստեղ կատարվում, կարելի է ասել, իմ գործը չէ»։
Երաժշտին նաև հիշեցրեցին, որ նա հանրության ուշադրությունը խնդիրների վրա հրավիրելու համար նվագել է Աֆրիկյանների տան մոտ, երբ այն ուզում էին քանդել, Գյումրիի լքված տնակային ավաններից մեկում, ապա հարցրեցին՝ այսօր Հայաստանում վառվող կետ կա՞, որի վրա պետք է հանրության ուշադրությունը հրավիրել։
«Ամենուր վառվող կետեր են։ Ամեն տեսակի հարցեր կան այս երկրում՝ սկսած օկուպացված տարածքներ, մարդկանց ջրի խնդիր ... Հազար տեսակ հարցեր կան, որոնց ուղղությամբ օգնության կարիք կա։ Ես սիրով կմասնակցեմ նման ակցիաների, բայց ինքս չեմ կարող կազմակերպչական հարցերով զբաղվել, քանի որ իմ ժամանակի մեծ մասն ուղղում եմ իմ երաժշտության որակը, ինքս՝ որպես արվեստագետ, կատարելագործվելու վրա»։
Հարցին՝ արդյո՞ք Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ունեցած համերգների ժամանակ միջազգային բեմահարթակներից դատապարտող կոչեր է հնչեցրել ուղղված Ադրբեջանին, Տ.Համասյանն ասաց. «Ոչ, ես բեմը համարում եմ սուրբ տեղ, բեմն ինձ համար քաղաքականության խառնելու տեղ չի։ Ուրիշ տարածք է»։
Նա նշեց, որ երբեմն գրառումներ արել է ֆեյսբուքում, Ինսթագրամում, սակայն դա չի կարող պարբերաբար անել, քանի որ միջազգային մասսաների կողմից ինքը կդիտարկվի քաղաքականացված կերպար, որպես արվեստագետ նաև արգելքների առաջ կարող է կանգնել։
«Ավելի կարևոր է, որ այն, ինչ ես անում եմ, անեմ բարձր մակարդակով, միջազգային հանրությունը գա, ինձ լսելով հետաքրքվի՝ գնա, տեսնի, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան ես բեմից ինքս խոսեմ այդ մասին»,- ասաց Տիգրան Համասյանը։
Նոյեմբերի 20-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):
Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:
Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն, որի կազմում են դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենը և թմբկահար Նեյթ Վուդը, հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:
«ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում. նոյեմբերի 21-ին Ռիք Ռոզատո (կոնտրաբաս) և Ջոնաթան Փինսոն (հարվածայիններ), նոյեմբերի 23-ին Էվըն Մարիեն (բաս) և Նեյթ Վուդ (հարվածայիններ):
Նախագծի փակմանը ելույթ կունենա վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդը՝ իր հատուկ ծրագրով: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, «Hard Rock Cafe Yerevan»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին