Բռնի տեղահանված 2384 արցախցի արդեն իսկ աշխատանք է գտել․ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 քաղաքացի արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է կնքել։ Այս մասին Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի, որից 3035-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Ռուբեն Սարգսյանը միաժամանակ նշեց, որ նրանցից 1336-ն ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ, որից 289-ն արդեն աշխատանք է գտել։ «Սա շարունակական գործընթաց է և ներկայացված թվերը, բնականաբար, փոփոխվելու են»,- ասաց նա։
Փոխանախարարը տեղեկացրեց՝ մեկնարկել էր փորձնական մի ծրագիր, որի շրջանակում մինչև սեպտեմբերի 19-ը նախատեսվում էր զբաղվածությամբ ապահովել 18-30 տարեկան չաշխատող-չսովորող երիտասարդներին, 30-40 տարեկան կանանց և սոցիալական նպաստ ստացողներին,իսկ Արցախից բռնի տեղահանումից հետո իրադարձությունների զարգացման հետևանքով այդ խմբին կավելանա ևս մեկ թիրախային խումբ՝ կընդգրկվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածները։
Նշվեց նաև, որ ներկայում արցախցիներին աշխատանքով ապահովելու նպատակով քննարկման փուլում է երկու ծրագիր։
«Առաջինը վերաբերում է ուսուցման վերապատրաստման կամ պրակտիկայի միջոցով աշխատանքի տեղավորմանը, որի ընթացքում պետությունն իր մասնակցությունն է ունենում կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ փորձառության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի փոխհատուցմանը, իսկ հետագայում նաև՝ գործատուի հարկերի չափերի փոխհատուցմանը:
Երկրորդ ծրագիրը վերաբերում է ինքնազբաղվածությանը, բիզնես վարելու հմտություններին։ Լավագույն ծրագրերը կֆինասնավորվեն պետության կողմից: Մասնավորապես, Երևանում ծրագիրն իրականացնելու դեպքում կֆինանսավորվեն 2 մլն դրամով, մարզերում՝ 4 մլն դրամով»,- նշեց Ռուբեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին