Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը չեն գրանցվել ԵԱՀԿ երևանյան խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար
Երևանում անցկացվելիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու հրավերին այս պահին չեն արձագանքել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Այդ մասին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
«Բոլոր 56 պատվիրակությունների և 11 գործընկեր երկրների ուղարկվել են հրավերներ միջազգային քարտուղարության կողմից։ Այս պահին Ձեր թավարկած երկրներից Բելառուսից ունենք արձագանք, հաստատել են։ Չունենք պատգամավորներ Ռուսաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ Չնայած Ադրբեջանի ատվիրակները նախապես բարձրացրել էին անվտանգության երաշխքիների հարցը Հայաստան գալու համար, ԱԺ-ն պատրաստակամություն էր հայտնել։ Բայց այս պահին գրանցված չեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գրանցման ավարտին մի քանի օր է մնացել, ենթադրում է՝ Ադրբեջանից պատվիրակներ չեն լինի։
Անդրադառնալով ռուսական կողմի որոշմանը, Խանդանյանը հայտնեց՝ պատճառների մասին տեղյակ չէ։
«Միջազգային քարտուղարությունից ճշտել եմ, որևէ տեղեկատվություն չկա այս պահին»,-ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Ավելի վաղ ԱԺ-ից հայտնել էին, որ նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:
Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:
Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան