Ադրբեջանը Հայաստանի մասին Բորելի հայտարարությունները համարում է ոչ ադեկվատ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի և ոչ ադեկվատ է անվանել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունները։
Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Բորելն ասել է՝ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և «ծանր հետևանքների» կհանգեցնի Բաքվի համար։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանին ապակայունացնելու ցանկացած փորձի դեմ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքների կհանգեցնի մեր հարաբերությունների համար»,- նշել է նա։
Ջ. Բորելը կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։ Նա տեղեկացրել է նաև, որ նախարարները պայմանավորվել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի հաջորդ նիստին։
«Նոյեմբերի 13-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները չեն արտացոլում իրողությունները տարածաշրջանում, անադեկվատ են և անընդունելի»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։