Ապաստարանից ծննդատուն, ապա Մասիս. Քրիստինեի հինգ երեխաներն այսօր մկրտվեցին
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին լի էր մանկան զվարթ ծիծաղով ու ճիչով. Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի 7 եկեղեցիներում` միաժամանակ տեղի ունեցավ Արցախից տեղահանված 140 երեխայի սուրբ մկրտության արարողությունը՝ 7 քահանաներով և 7 կնքահայրերով։
Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց Մկրտության խորհուրդն ու կարևորությունը քրիստոնյա աշխարհի համար.
«Մկրտությունը թե՛ հայի, թե՛ քրիստոնեական աշխարհի համար կարևոր, հիմնարար ու սկզբանական խորհուրդն է։ Առանց մկրտության չկա քրիստոնեական եկեղեցի և քրիստոնեություն ընդհանրապես։ Մկրտությունը հոգևոր ծննդյան խորհուրդն է։ Մկրտությամբ սկիզբ է դրվում մարդու փրկությանը»։
Քահանան ընդգծեց կնքահոր դերը և խորհուրդը՝ հոգևոր զավակների համար օրինակ ծառայելու և ողջ կյանքում նրանց ուղղորդելու հարցում. «Կնքահայրը հոգևոր ծնողն է, ով պետք է առաջնորդի դեպի եկեղեցի, դեպի Աստված։ Նախ ինքը պետք է լինի դրա կրողը, որ իր սանիկներին ևս ուղղորդի դեպի եկեղեցի»։
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից տեղահանված և Մասիս քաղաքում բնակություն հաստատած 5 երեխաների բազմազավակ հայրը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ նախաձեռնությունը, որին սիրով միացել են, շատ կարևոր է քրիստոնյա ազգի, մանուկների համար, քանի որ բոլորը պիտի մկրտվեն։
«Մի փոքր դժվար է երեխաներին բացատրել գաղափարը, բայց, իմ պատկերոցումով այն է, որ Հիսուսի մկրտության օրինակով մենք էլ պետք է մկրտվենք ու մաքրվենք մեղքերից»,-ասաց նա՝ նշելով, որ բոլոր տեղերում էլ դժվարություններ կան, հաղթահարելը մարդու գործն է։
Նրա կինը՝ Քրիստինեն էլ պատմում է, մոտ երկու ամսական փոքրիկի հետ անցել է պատերազմի ողջ սարսափի միջով։
«Երեխան ծնվել է սեպտեմբերի 22-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում։ Շատ դժվար էր, ամսի 27-ին նոր կարողացել ենք Ստեփանակերտից դուրս գալ։ Դժվարությամբ եկել ենք, տուն գտել Մասիսում ու այստեղ ենք ապրում։ Ահավոր էր, չեմ էլ ուզում այդ օրերը հիշել. համալսարանի ապաստարանում ենք եղել, 5 անչափահաս երեխաների հետ հազիվ ենք գյուղից դուրս եկել, հասել Ստեփանակերտ ու մեզ տարել են ապաստարաններ։ Այնտեղ ամուսինս մնացել է երեխաների հետ, ես գնացել եմ ծննդաբերելու»,-աչքերում երևացող արցունքները թաքցնելով պատմում էր Քրիստինեն։
Բազմազավակ մայրը հպարտությամբ է պատմում՝ զավակները շատ են սիրում Աստվածաշունչ լսել և աղոթել։
«Ես իրենց համար ամեն օր մանկական Աստվածաշունչ եմ կարդում, իրենք սիրում են. ճիշտ է դեռ կարդալ չգիտեն, բայց բացում են, նկարներն են նայում։ Մեծս քնելիս միշտ աղոթում է»։
Չնայած Մասիսիում հյուրընկալ վերաբերմունքին, երեխաները շատ են ուզում վերադառնալ Արցախ՝ իրենց տուն. «Հիշում են, կարոտում են իրենց մանկապարտեզը, իրենց ընկերներին, ամեն ինչը, նույնիսկ մեքենան, որ թողել ենք այնտեղ»։
Ընտանիքը որոշել է մնալ ու ապրել Հայաստանում։
Panorama.am-ի հետ զրույցում կնքահայրերից Արմեն Կարապետյանը մեծ պատասխանատվությամբ նշեց, որ շարունակելու են օգնել ու իրենց ուժերի ներածին չափով լինել հայրենակիցների կողքին. «Ով, եթե ոչ մենք։ Գլխավոր պատգամս է՝ ապրել Աստծո հետ, ամեն օր արթնանալիս իմանալ՝ ինչի համար ենք արթնանում , և տուն գալիս նույնպես հասկանալ՝ ինչ ենք արել մեր տան, մեր հայրենիքի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան