Թիմ Լոութընի հետ Միրզոյանը քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակցիներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօերին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում:
Հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծը:
Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները:
Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում: