Պետք է սառնասիրտ լինել. Լևոն Քոչարյան
«Ես այսօր առաջին անգամ եմ մուտք գործում այս շենք, այս ամեն ինչը նոր է ինձ համար, բայց առաջնահերթ այն, ինչ պատկերացնում եմ, օր առաջ ամեն ինչ անել, օգնել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն։ Սա ինձ համար այս պահին առաջնահերթություն է»,- պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա ընդգծեց նաև, որ ընդհանուր առաջնահերթությունն իշխանափոխությունն է, մնացած հարցերը հետագայում. «Օրակարգում ոչինչ չի փոխվել։ Եթե մենք մտածում ենք, դիրքորոշում, համոզմունք ենք արտահայտում, որ այս իշխանությունն է մեղավոր մեր երկրի այս վիճակի համար, այս խայտառակությանը հասել ենք իշխանության մեղավորությամբ, հետևաբար բոլոր նպատակները պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը։ Մոտեցումները, թե դա ինչպես իրականացնել... Տարբեր փողոցային գործողություններ են եղել, եղել է ընտրությունների մասնակցության։ Կարծում եմ, հետագայում էլ ինչ-որ բաներ կլինեն, հիմա հստակ չեմ կարող ասել, ինքս էլ տեղյակ չեմ»։
Հարցին՝ տևական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ում «ատամները սրած սպասում են ձեզ հիշեցնելու՝ նախկին, ներկա», խոսակցություններ կան, որ առաջիկայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկելու հարց քննարկել, նա ասաց. «Այդ ամենը ենթադրություններ են, մի քանի հրապարակում եղել է։ Գիտեք, եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են՝ երկրի անվտանգությունը, մնում է կախվել նախկիններից, մնացածից, փորձել շոուներ անել։ Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, ինչ-որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հերթով գնան, ոստիկանություն բողոքներ գրեն։ Քանի տարի է նման փորձեր կան տարբեր տեղեր՝ դատարանների դիմաց, հանրահավաքների ժամանակ։ Պետք է սառնասիրտ լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան»։
Ինչ վերաբերում է հարցին, որ «Հայաստան» դաշինքում եղան ինքնաբացարկներ, որպեսզի մանդատը հենց իրեն հասնի, Լ.Քոչարյանն ասաց. «Պրոֆեսոր Չարչյանի՝ մանդատ վայր դնելու մասին շուտվանից էի լսել։ Դա միանշանակ կապ չունի ինձ հետ։ Միհրդատ Մաթադյանն էր, այնուհետև, Անժելա Նալբանդյանը, ով «Վերածնունդ Հայաստանից» է, իրենք հայտարարել էին՝ չեն վերցնելու հետագա մանդատները, այնուհետև Գերասիմ Վարդանյանն էր։ Անկեղծ, ես նրանց չեմ հանդիպել, միայն Միհրդատին, ով դիմավորում էր ինձ քրեակատարողականի մոտ։ Կարդացել եմ նրանց հայտարարությունները, ոչ մի հիմք չունեմ հակառակին հավատալու համար։ Եթե նրանց որոշման մեջ նաև դեր է խաղացել ինձ ապօրինի կալանքից ազատելը, ես միայն շնորհակալ եմ դրա համար։ Կարծում եմ՝ դա շատ նորմալ է, եթե ինչ-որ չափ դա է դեր խաղացել։ Այստեղ փորձել ուրիշ բաներ տեսնել կամ ինչպես ձևակերպում եք՝ ստիպել են հրաժարվել, միանշանակ բացառված է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը չհաջողվեց փրկել միանշանակ Հայաստանի իշխանության պատճառով. Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը
- Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ ի աջակցություն Լևոն Քոչարյանի․ Գեղամ Նազարյան
- Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
- Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական գտնվում է անազատության մեջ․ փաստաբան
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան