Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու» կարգը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը տրամադրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարությունում առկա կամ անձի կողմից ներկայացված արխիվային հիմքերի առկայության դեպքում։ Կրկնօրինակի տրամադրումից հետո նախկինում տրամադրված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված։
Հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտին ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է հիմնական կրթության վկայականի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ, միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմի հավելված (ներդիր) տրամադրվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Ուսումնական պլանների և անցած առարկանների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներին տրվում է դիպլոմի հավելված (ներդիր)՝ համապատասխան առարկաների նշմամբ»: