Ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերը, ձեզ մի դրեք դատավորի դերի մեջ․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հնչեցրած մի քանի հայտարարություն հիշեցրեց, մասնավորապես՝ «մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երևույթները, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, ... »։
Նա նշեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահն է, Տիգրան Ավինյան՝ Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահը, Վահագն Խաչատուրյանը՝ Տնտեսագիտական համալսարանի, Ժաննա Անդրեասյանը՝ Մանկավարժականի։
«Նաև ավելացնեմ, որ բուհերում քաղաքական հայացքների համար զտումներ են տեղի ունենում՝ Էդգար Ղազարյան, Արտակ Զաքարյան, Արթուր Խաչատրյան, Հայկ Մամիջանյան, Սուրեն Սարգսյան...Այս շարքը երկար է։ Հիմնավորեք՝ սրանք քաղաքական զտումներ չե՞ն կամ բուհերի քաղաքականացման մասին չե՞ն խոսում։
Վերջին դեպքը՝ երեսիս դեկանը բացահայտ խոստովանել է՝ ինձ ժամեր չեն տալիս այն պատճառով, որ ես քաղաքական հայացքներ կրող և ԱԺ ամբիոնը օգտագործող մեկն եմ»։
Թեև հարցերն ուղղված էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, բայց ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ մենք ասում ենք՝ կուսակցական պատկանելիություն չպետք է լինի բուհերում, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ և քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ և բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ բյուջեի քննարկման ժամանակ լսել է Լիլիթ Գալստյանի ելույթը. «Դուք ասացիք, իհարկե, փաստերը չեմ հասցրել ճշտել, ոչ թե հաստատում կամ հերքում եմ ձեր ասածը, ուզում եմ ուշադրություն դարձնել ձեր իսկ ձևակերպման վրա։ Ասացիք՝ ինձ բուհում դասեր չտվեցին իմ քաղաքական վարքագծի համար։ Չասացիք՝ իմ հայացքների կամ կուսակցական պատկանելիություն, ասացիք՝ բուհում ինչ-որ բան է տեղի ունեցել ձեզ հետ ձեր քաղաքական վարքագծի համար։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի»։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերը, արտահայտությունները, ձեզ մի դրեք դատավորի դերի մեջ՝ քննարկելու իմ քաղաքական վարքագիծը, որը, վստահաբար, դրսևորվել է բուհից դուրս»։