«Հրապարակ». Իրավապահները սևեռվել են Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի տարբեր վարչական շրջանների թաղապետարանների նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը», ըստ որոշ տեղեկությունների, նոր չէ։ Դեռևս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում, սակայն հայտնաբերված խախտումների մասին որոշել են լռել` հանրայնացնել ամիսներ անց, որպեսզի, ինչպես իշխանական աղբյուրներն են հայտնում, չվնասեն ՔՊ-ի վարկանիշին և չազդեն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա:
Դիցուք, նախօրեին հայտարարեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների։ Մասնավորապես, Կենտրոն թաղապետարանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանին, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ին, ովքեր տարբեր անձանցից ստացել են շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են տարբեր ընկերությունների կաշառքի դիմաց արտոնություններ տալու համար:
Հնարավոր է, որ այս գործի թելերը հասնեն նաև թաղապետին՝ Սամվել Ղուկասյանին, ով Ավինյանի մտերիմներից է։ Նոյեմբերի 2-ին բերման էին ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը և մի քանի աշխատակիցներ` համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանը, կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնց հարցաքննելով՝ ազատ էին արձակել:
Նրանց մեղադրում են գնումների գործընթացի խախտումների համար: Ուշագրավ է, որ իրավապահները սևեռվել են Տիգրան Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա, իսկ իշխանության մասշտաբային «կոռուպցիոներները» նրանց տեսադաշտից դուրս են մնացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում