Պրոցեսները պետք է արագացվեն, Արցախի շուրջ ռազմավարություն պետք է մշակվի. Օհանյան
«Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, դեռ ավելին, Ադրբեջանի ագրեսիվ և հանցագործ քաղաքականության արդյունքում սեպեմբերյան գործողությունների հետևանքով տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Արցախը հայաթափվել է և Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է պատասխան տան, ենթարկվի տարբեր պատժամիջոցների:
Ս. Օհանյանն ընդգծեց նաև, որ Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցառումներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար:
«Դրանք ուղղված պետք է լինեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման, նաև Հայաստանում Արցախի ժողովրդի նկատմամբ համապատասխան քաղաքականության իրականացմամբ, որպեսզի նրանք մնան Հայաստանում, վերջացրած նաև հնարավորությունների կամ համապաստախան պայմանների ձևավորման դեպքում՝ հետ վերադառնան։ Այս ուղղությամբ աշխատանքների իրականացման հիմնական կատարողները Հայաստանի և Արցախի իշխանություններն են: Եթե հակամարտությունն ավարտված չէ և Արցախը որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում, գոյություն ունի, դա նշանակում է միջազգային կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: Այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, որոշակի հապաղում: Երկրորդ, տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները, գոնե Արցախի պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ հրաժարվել են քայլերից: Իրենց համար Արցախի էջը փակված է, միայն զբաղվում են հումանիտար և սոցիալական խնդիրներով։
Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանություններին չեն ընդունում, մինչ հիմա էլ չեն ընդունել Արցախի նախագահին։
Երբ Արցախի հարցն այսօր ամենաառաջնային հարցերից մեկն է, Հայաստանի իշխանությունները պետք է առաջին հերթին ու շատ արագ ընդունեին Արցախի նախագահին ու Արցախի շուրջ համապատասխան ռազմավարություն մշակեին»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Արցախի կառավարման ոլորտում որոշակի ճգնաժամ տեսել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և մինչև հիմա։
«Ինչ վերաբերում է այս գործընթացում Հայաստանի ընդդիմության դերակատարությանը։ Մենք հանդիպումներ ունեցել ենք տարբեր ուժերի հետ, մեր առաջարկություններն արել ենք: Դրանց շուրջ աշխատանք տարվում է հիմա: Պրոցեսները պետք է արագացվեն, և Արցախի շուրջ ռազմավարություն պետք է մշակվի: Հապաղելը, դանդաղելը կարող է կործանարար լինել Արցախի համար, մեզ համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով հարցաքննության
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը պետք է պահպանվի. Հակոբ Ղազանչյան
- Արցախ վերադարձն օրակարգային հարցերից է. Սամվել Շահրամանյան
- Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
- Սեյրան Օհանյան. Ինչ անհրաժեշտ էր արևմուտքից, Ալիևը ստացել է
- Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ Խաչատուր Ստեփանյան