«Ճտերը կհաշվենք դեկտեմբերն»․ Սուրեն Պապիկյանը՝ կապիտալ ծախսերի ու բանակի նոր համազգեստի մասին
«Տարին դեռ ավարտված չէ, «ճտերը կհաշվենք» դեկտեմբերի 24-ին, վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասվի»,- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով կապիտալ ծախսերի կատարմանը վերաբերող հարցին։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստի փոփոխությանը, նա նշեց, որ փոփոխությունը տեղի կունենա ամենայն հավանակությամբ 2024թ․-ին։
«Ուզում եմ ուշադրության հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքը արտահայտի։ Իմ կարծիքով՝ զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով։ Այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել, նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասով։ Խոսքը վերաբերվում է բոլոր համազգեստներին՝ սկսած դաշտային համազգեստից։ Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են մի շարք ընկերություններ, որակավորման առաջին փուլը անցել են, սակայն երկրորդ փուլի համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ երկրորդ փուլում չենք ունեցել։ Հիմա մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ։ Առաջիկա օրերին կստանանք առաջարկներ և դրանց հիման վրա կադապտացնենք մեր պատկերացումներին, հայկական իրականությանը և հայկական խորհրդանիշին և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք։ Այսինքն՝ մենք չենք ձախողել, խոսքը լոկ գույնի փոփոխության մասին չէ»,- հայտարարեց Պապիկյանը։
Նա նշեց, որ 2024-ին թվականին բանակը կունենա նոր համազգեստ։