Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց
«Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու հիմքերն առկա են»,-դատարանում հայտարարեց մեղադրող դատախազը՝ առաջարկելով Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետն ավելացնել 3 ամսով։
Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքեց՝ շատ զարմացած է մեղադրական կողմի դիրքորոշումից։
«Ի՞նչ է նշանակում ոչինչ չի փոխվել, հարգելի մեղադրող։ Հերթով կարող եմ թվարկել, թե ինչ է փոխվել։ Նախ փոխվել է այն, որ գործը հասել է դատարան, վստահ եմ, որ պարոն դատախազը տեղյակ է միջազգային պրակտիկային, որն ասում է՝ որքան ժամանակը գնում է, ռիսկերը նվազեցվում են»,-ասաց Մելիքյանը։
Մալյանի մյուս պաշտպան Տիգրան Աթանեսյանն ավելացրեց՝ ի՞նչ է նշանակում, երբ մեղադրողն ասում է՝ Մալյանին պետք է համցանցից, հասարակությունից հեռու պահել։
«Այսինքն, մենք ճիշտ ենք»,-ասաց Աթանեսյանը։
Լսելով կողմերին՝ դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց Նարեկ Մալյանի կալանավորման ժամկետը երկարաձգել երեք ամիս ժամետով։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 24-ին ժամը 15։00-ին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
- Մալյանի դեմ քրեական վարույթը խայտառակություն է, պարզապես հաշվեհարդար է. Փաստաբան