Հայաստանը ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար.Միրզոյան
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։
ՀՀ ԱԳՆ-ն տարածել է նրա ելույթի տեքստը.
«Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով:
Այսպիսով, հետագա քննարկումը խթանելու համար թույլ տվեք առաջ քաշել երկու հարցադրում, որոնց շուրջ մտորումները կարող են այսօր օգտակար լինել.
ինչի՞ մասին էր և ինչի՞ մասին է Արևելյան գործընկերությունը,
ո՞րն է քաղաքացիական հասարակության դերը աշխարհը և մասնավորապես Արևելյան գործընկերությունը փոխելու գործում:
Դեռևս 2009 թվականին, երբ ԱլԳ մեկնարկեց, այն նպատակ ուներ ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ-ի և անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը և աջակցել բարեփոխումների օրակարգին: Եթե փորձենք ամփոփել մեկ նախադասությամբ, ապա ԱլԳ մեկնարկեց՝ լինելով ժողովրդավարության մասին և այսօր շարունակում է մնալ ժողովրդավարության մասին:
Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք բախվել ենք վերջին տարիներին՝ COVID 19 համավարակը, 2020թ. պատերազմը, ռազմական հարձակումները և ագրեսիան ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի փախստականների հոսքը, ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականցումը Հայաստանում ոչ մի պահ կանգ չեն առել: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին:
Դա իսկապես դժվար է: Դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր: Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը:
Այս համատեքստում ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր նույնպես ունեն եվրոպական ձգտումներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ: Մենք համագործակցում ենք բարեփոխումների օրակարգի իրագործման, 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների իրականացման շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վերջերս մենք ազդարարեցինք Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը, որի երկրորդ փուլը տեղի է ունենում այսօր Բրյուսելում: Ես նաև ողջունում եմ ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Ավելին, ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին: Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։
Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը…»:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել
- Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ Միրզոյան