Անորոշությունների ավելացման պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական կայունության ուղղությամբ.Մարտին Գալստյան
«2024 թվականին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 6.6%-ի, իսկ ընթացիկ ծախսերինը՝ 22.1%-ի։ Արդյունքում, ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի 0.7 տոկոսային կետ և ընթացիկ ծախսերի 0.2 տոկոսային կետ աճերի շնորհիվ պետական ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 28.7%՝ ամբողջական պահանջարկի վրա ունենալով ընդլայնող ազդեցություն»,-ԱԺ-ում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով գլխավոր դրամատան եզրակացությունը Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
Նրա խոսքով և՛ կապիտալ ծախսերի, և՛ ընթացիկ ծախսերի գծով նախատեսված համամասնությունները գերազանցում են ՄԺԾԾ-ում նախատեսված ցուցանիշներին և եթե ընթացիկ ծախսերի մասով հիմնական շեշտադրումն ուղղված է սոցիալական ծախսերի աճին, ապա կապիտալ ծախսերը կուղղվեն այնպիսի ուղղություններով, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կբարձրացնեն տնտեսության ներուժը։
«Այսպիսով, կապիտալ ծախսերի զգալի ավելացման և հարկերի` ՀՆԱ-ում աճի նախանշված քաղաքականության արդյունքում, բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության գծով թիրախավորվել է աճ՝ մինչև ՀՆԱ-ում 3.2% մակարդակ, ինչը գերազանցում է թե՛ նախորդ տարվա, թե՛ ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշներին»,-ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը հայտնելով, որ 2024 թվականին պետական բյուջեի պակասուրդի և հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև` ազգային արժույթով պարտքի և ներքին պարտքի աստիճանական ավելացումը, ընդգծեց, որ պարտքի կայունության ապահովման՝ Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևորվում է պետական ծախսերի իրականացումը՝ ի հաշիվ սեփական միջոցների և բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը՝ ի հաշիվ ներքին պարտքի ավելացման։
«Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման և դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են էական ռիսկեր առաջանալ երկրում մակրոտնտեսական և գների կայունության ուղղությամբ»,-ասաց Մարտին Գալստյանը և նշեց, որ նման պայմաններում, ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի վերջին տարիներին որդեգրած՝ պահանջարկի կարգավորման և գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետևողական իրականացումը։
Ամփոփելով իր խոսքը՝ Մարտին Գալստյանն ասաց, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը, թեև, պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, սակայն, շեշտադրում է կառավարության հետևողականությունը տնտեսական ներուժի խթանմանն ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներում:
«Պետք է նաև մատնանշել, որ տարածաշրջանում մարտահրավերների սրման և դրանից բխող ռիսկերի բացասական ազդեցությունները կլանելու ու չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի հարկաբյուջետային ռիսկերի համարժեք գնահատումն ու հասցեագրումը, ինչը կարող է առանցքային լինել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության ու հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում՝ նաև պարտքի կայունության ապահովման համար»,-հայտարարեց ՀՀ ՊԲ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան
- Այդ մակարդակում պարտքի պահպանումը՝ կնպաստի ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումներին.Վահե Հովհաննիսյան
- Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան