Երևանում այսօր իրականացվող աշնանային էտն այլանդակելու, դեֆորմացնելու է ծառերը․ մասնագետ
Երևանում հաճախ ենք տեսնում ծառերի էտում, սակայն երբեմն անհասկանալի է՝ իրականացվում է սանիտարական էտում, թե՞ պարզապես ծառահատում:
Մայրաքաղաքում ծառերի էտման, հատման մասին պարբերաբար ահազանգում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։
Այսօր էլ նա հրապարակել է Աջափնյակ համայնքում իրականացվող ծառերի էտումից լուսանկարներ և գրել․ «Մի ամբողջ միլիոնանոց քաղաք անգրագիտության զոհ է դարձել։ Նման էտ իրականացնողներին դատել է պետք, բնակչության կյանքին սպառնալիք դառնալու համար»։ Ավագանու անդամը նաև հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են, օրինակ, էտն իրականցնում Ալմաթիում։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ զրուցեց Քրիստինա Վարդանյանի հետ։ Նա ասաց, որ Երևանում իրականացվող աշնանային էտն իրականում այլանդակելու, դեֆորմացնելու է ծառերը, խաթարելու է դրանց կենսունակությունը, ավելին, հետագայում հարց է առաջանալու՝ դրանք կվերականգնվեն, թե ոչ։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց գտնվող թեղիները գրագետ ձևավորվում են, ինչը պետք է օրինակ դառնա և մարդիկ հասկանան, թե ինչպես պետք է դա անել։
Քրիստինա Վարդանյանը հայտնեց, որ ավագանու մի շարք անդամների հետ քննարկումներ են ունեցել՝ հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Երևանի ծառերը չվնասելու և փրկելու համար։
Նա նաև նշեց, որ օրեր առաջ էլ անդրադարձել է Մերգելյան ինստիտուտի պուրակում իրականացվող ծառահատման գործընթացին։
«ԳԱԱ-ում կա փորձագիտական կենտրոն։ Թող մասնագետներ հրավիրեն և հետազոտության հիման վրա տան եզրակացություն՝ արդյոք այդ ծառերը հատման ենթակա են, թե ուղղակի ծառերին նայելով հատում են։ Աշխարհում գոյություն ունի գործիքային հետազոտություն, իսկ մեր երկրում ուղղակի ծառին նայելով որոշում են հատել»,- ասաց նա։
Քրիստինա Վարդանյանը նշեց նաև, որ մեկ մարդու կենսունակության համար հարկավոր է երկու սաղաթախիտ ծառ, Երևանում 1,6 է։ Այսինքն, ըստ նրա, պետք է դադարեցնել ծառերի ուղղակի հատումը, եթե չկան համապատասխան ուսումնասիրություններ։ «Հակառակը, պետք է մշտապես ծառեր տնկել, շատ զգույշ իրականացնել էտի աշխատանքներ՝ չվնասելով դրանք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դրա համար նախ պետք համապատասպան տեխնիկա գնել, որից հետո միայն սկսեն մայրաքաղաքում առկա մեկ միլիոնից ավելի ծառերը գրագետ մշակել (2007 թվականի տվյալներով՝ Երևանում կա 1,6 մլն ծառ)։
Կրկին անդրադառնալով ծառերի էտին, մասնագետը հայտնեց, որ այսօր կապ է հաստատել ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի գործընկերների հետ, ներկայացրել է խնդիրը և կփորձեն այլ երկրների մասնագիտական կենտրոններից ստանալ հավաստիացումներ, որ նման ձևով իրականացված էտն անընդունելի է։
«Պետք է նաև կրթվել, համապատասխան գիտելիքներ ստանալ, հետո նոր միայն այդ աշխատանքներն անել։ Ի վերջո այս համատարած անհասկանալի էտը, ծառահատումներն արվում է մեր երեխաների հաշվին, իսկ հետո շատ երկար ժամանակ է պահանջվել, որ այդ ծառերը վերականգնվեն կամ էլ չեն վերականգնվի։ Նախորդ տարվանից սկսած մայրաքաղաքի ծառերը դեֆորմացնում են։ Այն, ինչ արվում է Աջափնյակ համայնքում, խայտառակություն է, ինչ արվում է Կենտրոն համայնքում՝ սարսափելի է։
Այդ հարցով պետք է զբաղվել, չի կարելի ասել, որ ամեն լավ է, իսկ տիկին Վարդանյանը մեզ խանգարում է։ Ես միշտ ներկայացնում եմ միջազգային փորձը, որ նաև սովորեն, հասկանան, ախր չի կարելի սաղարթից 25 տոկոսից ավելին կտրել, իսկ եթե դրանից ավելի է արվում, ծառը հիվանդանում է, խախտվում է կոնստրուկցիան, այսինքն՝ այդ ծառն առողջ ապրելու հնարավորություն չունի»,- ընդգծեց նա։
Քրիստինա Վարդանյանը նաև նշեց, որ ոչ միայն ահազանգում է, այլև գործըկերների հետ հանրային լսումներ են կազմակերպում։ Օրեր առաջ տեղի է ունեցել հերթական հանրային լսումը՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ, եղել են թեժ բանավեճեր տարբեր կազմակերպությունների ղեկավարների, ակտիվիստների, մասնագետների միջև։ Սակայն որևէ մեկն, ըստ նրա, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, ինչպես նաև Երևանի քաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից, չեն մասնակցել քննարկումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան