Նորմալ, իրեն հարգող մտավորականը միշտ պետք է դժգոհ լինի ներկա իշխանություններից. Արթուր Անդրանիկեան
Բանաստեղծ, գրականագետ, սփյուռքագետ Արթուր Անդրանիկեանի ցանկությունն է սփյուռքում բնակվող հայերը վերադառնան Հայաստան, իսկ բռնի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն մեր իրականության մեջ, որպեսզի նրանք չարտագաղթեն։
Panorama.am-ի հետ զրույցում նա նշում է, որ 1940-ականաներին, երբ տեղի ունեցավ զանգվածային հայրենադարձությունը, 300 հազարից ավելի հայեր եկան Հայաստան՝ բերելով իրենց մշակույթը, արհեստները՝ արծաթագործություն, կաշեգործություն, ոսկերչություն։
«Եկան ու բավականին հոգեբանական բարեփոխումների ենթարկեցին Հայաստանում ապրող հայ ժողովրդին»,- ասում է Արթուր Անդրանիկեանը։
Նա միաժամանակ ընդգծում է՝ հայաստանաբնակները ինքները պետք է ինտեգրեն արցախցիներին մեր իրականությանը. «Հանկարծ որևէ դուռ չբացենք, որ նրանք նույնպես արտագաղթեն։ Հայությունը միշտ արտագաղթի ցուպը ձեռքին բռնած, աշխարհից աշխարհ է ման գալիս։ Պատահական չէ, որ աշխարհում ավելի շատ հայություն կա, քան Հայաստանում»։
Գրականագետի համոզմամբ, ինչպես սփուռքում, նաև Հայաստանում, մենք ինքներս ենք տարածում հիասթափություն։
«Քանի որ փոքրաթիվ ազգ ենք, պետք է ամեն մեկս այդ հիասթափությունը զսպենք։ Մեր «բարեկամները» լիարժեքորեն օգտվում են մեր այդ հիասթափությունից, ընկճվածությունից, հոգևոր փլուզումից։ Սա անձի խնդիր է»,- նշում է Անդրանիկեանը։
Նա հիշում է Շահան Շահնուրի խոսքը՝ պետությունը ջերմաչափ է, ընտանիքը ջերմաչափի սնդիկն է։
«Եթե այդ սնդիկը չաշխատի, այսինքն եթե ընտանիքը ներգործություն, առողջ ապրելակերպ, ազգային, հոգևոր պահվածք չունենա, ապա պետությունը, բնականաբար, կազմալուծման եզրին կլինի, աստիճանաբար, ինքնափլուզման կենթարկվի»,- ասում է բանաստեղծը։
Արթուր Անդրանիկեանը նշում է, որ նորմալ, իրեն հարգող մտավորականը միշտ պետք է դժգոհ լինի ներկա իշխանություններից. «Եթե մտավորականը դժգոհ է իշխանություններից, ուրեմն ինքը զտարյուն մտավորական է։ Այլ բան, որ այդ մտավորականը չծառայի այս կամ այն խմբակային շահերի։ Ինքը պետք է իր գործունեությամբ, ստեղծագորությամբ, բնույթով, կենսակերպով հասարակությանը ցույց տա, որ պետք չէ հայ ժողորդին թերագնահատել։ Հայ ժողովուրդը դեռևս մեծ ապագա ունի, անցնելիք ճանապարհ ունի»։
Արթուր Անդրանիկեանը Հայաստանի ազգային գրադարանում «Բժշկության հոգեբանական ներգործությունը գրականության մեջ» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ։ Նա անդրադարձավ 8 հայ գրողների (Ծերենց, Նահապետ Ռուսինյան, Ռուբեն Սևակ, Շավարշ Նարդունի, Հրաչ Զարդարյան, Ժիրայր-Վահէ Մալճեան, Իգնա Սարըասլան և Վարդգես Դավթյան) ստեղծագործություններին՝ նրանց գրական երկերում հոգեբանական խորքային բացահայտումներ անելու տեսակետից։
Արթուր Անդրանիկեանն ասում է, որ ինքն է ընտրել այս գրողներին. «Ես այս գրողների մոտ տեսնում են բժշկության հոգեբանական դրսևորումները, որովհետև իրենք պարզապես ոչ միայն իրենց հերոսների միջոցով են դրսևորում իրենց բժշկական, բժշկագիտական գաղափարները, մոտեցումները, նրանք նաև այլ մասնագիտության են տիրապետում։
Այս գրողները հիմնականում այլ կենսակերպ, մոտեցումներ ունեցող մտավորականներ են, նրանց ստեղծագործություններն ինձ համար շատ ուշագրավ են»,- նշում է գրականագետը։
Արթուր Անդրանիկեանի խոսքով, այսօր նման գրականության կարիք կա, այդ գրականությունը պետք է կարողանալ տեղ հասցնել։
Մանրամասն՝ տեսանյութում։