Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար:
«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,-նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Գլխավոր հատակագծի առաջադրանքը մշակման փուլ է անցել, քաղաքապետը կնայի, ու հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ավագանու հաստատմանը: Ես ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին ու քաղաքապետին, որ նախաձեռնեց ու հիմա արդեն իրականություն է դարձել այս գործընթացը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
«Երևաննախագիծ»-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը:
Նախաձեռնությունը պատասխանատու է՝ նախատեսված Երևանի առաջիկա տասնամյակների համար: Այն կլինի քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ»,- ասվում է հաղորդագրությունում: