Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
«Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է», - ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։
«Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - ասաց նա։
Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։
«Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
Առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։
Հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարևոր սկզբունքը. 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է։ Ըմբռնում կա նաև այն մասին, որ դելմիտացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-1990 թվականի քարտեզները։ Համաձայնեցված է նաև հետևյալը՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշեն։
Հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են րոպե առաջ մեկնարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը՝ ակնկալելով տարածաշրջանային երկրների ու միջազգային հանրության աջակցությունը։
Նա նաև նշեց. «Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։
Մեծ հաշվով պատճառը կողմերի միջև անվստահությունն է։ Ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»։
Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։
«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեկնաբանություն ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարությունը և անձամբ ինքը մտադիր է ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, ընթացքի մասին պարբերաբար կզեկուցի հանրությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան
- Խաղաղության համաձայնագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին
- Այն, ինչ իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում նոր տարածքային պահանջների մասին է.Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է․ Տիգրան Աբրահամյան
- Խաչել Հայաստանին «խաղաղության խաչմերուկում». Նոր նոյեմբերի 9-ին ընդառաջ
- Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները.Գևորգ Պապոյան
- Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան