ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թ․ ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
«2002թ․ ամերիկյան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ էր տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։ 907-րդ բանաձևը բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։ Դեսպան Օ’Բրայենը նաև կտրականապես մերժել է այն փաստարկները, որոնք հաճախ առաջ են քաշվում ադրբեջանական լոբբիի կողմից, առ այն, որ 907-րդ բանաձևի կիրառումը կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը:
ԱՄՆ կոնգրեսականների՝ Արցախի հայության իրավունքների համապարփակ պաշտպանությանն ուղղված ելույթների և քաղաքական ճնշման պայմաններում, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է` ամերիկյան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր եւ որ, Վաշինգտոնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձևն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելավում: Օ՛Բրայենը նաև կարևորել է տեղահանված մարդկանց իրենց հայրենիք անարգել մուտքի հնարավորությունը, սեփականության և մշակույթի պաշտպանությունը, և հնարավորությունը ստանալու հավաստի տեղեկատվություն՝ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու համար։
Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները հստակորեն դատապարտելու փոխարեն, Օ՛Բրայենը հայտարարել է, որ պետդեպարտամենտը հանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովելու «համապարփակ, մանրակրկիտ և թափանցիկ արձանագրում, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ (տեղահանության) օրերին, այլև նախորդող ամիսներին և այս ուղղությամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։
907-րդ բանաձևի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ինչի շուրջ իրականացվել է տասնամյակների աշխատանք, որոնցում նաև ներգրավվել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձևը, ներկա փուլում չչեղարկելու վերաբերյալ պետդեպարտամենտի, պաշտոնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Զինելով, քաջալերելով և ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանն ու տեղի բնիկ հայության էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդենը պետք է անի շատ ավելին, քան ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ ազդարարումն է։ Եթե նախագահ Բայդենն իրականում լուրջ է տրամադրված, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դեպի Արցախ հայերի անվտանգ և կայուն վերադարձը»»,- նշված է գրասենյակի տարծած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը
- ԱՄՆ-ը և ԵՄ-ն մշակում են Հայաստանին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեման
- Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան