Այդ պիտակները՝ «պատմական», «գերպատմական» և այլն՝ միամիտների համար են.Ատոմ Մարգարյան
ԱԺ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն «պատմական ժամանակների, պատմական բյուջե է»:
Panorama.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանին խնդրեց ներկայացնել մասնագիտական կարծիք հնչեցված որակավորման վերաբերյալ.
«Դա ինքն է ասում, բայց հանրությունը, փորձագետները և ակադեմիական շրջանակենրը լրիվ հակառակ կարծիքին են: Ես հանրության անունից չեմ խոսի, բայց անձամբ՝ որպես փորձագետ, ասեմ, որ յուրաքանչյուր տարի մեկ միլիարդ դոլարով ավելացել է պետական պարտքը: Միջին հաշվով, եթե դիտարկենք ամեն տարի մեկ միլիարդ դոլար, ապա 5 միլիարդով ավելացել է միայն պետական պարտքը: Բայց կոնսոլիդացվածը՝ տնային տնտեսությունների, բիզնեսի պարտքերը եռապատկվել են: Այս մասին էլ թող խոսեն:
Միայն իր մասով կառավարությունը կարող է հայտարարել, որ ավելացրել է բյուջետային եկամուտները: Նախ դրանք կանխատեսումներ են, ընդհանրապես թղթի վրա շատ բան կարելի է գրել, բայց թե դրանից ինչ դուրս կգա… Ամեն տարի էդ է ասվել, հետն էլ պարտքը մեկ միլիարդով ավելացվել է: Հիմա եթե այդ պարտքը համարենք եկամուտ, ապա կարելի է այն համարել որպես, այսպես ասած, արձանագրություն: Բայց դրանով ինչ է փոխվում:
Դրանով, ըստ էության, ապագա սերունդների վրա պարտքի բեռն ավելանում է, ինչպես նաև՝ ներկա սերունդների: Այնպես որ՝ այդ իմաստով երևի պատմական է: Այլ բան կլիներ, եթե այն պարտքը, որը որդեգրել էր նախկին իշխանություններից ներկա կառավարությունը՝ կիսով չափ պակասած լիներ: Ենթադրենք՝ Հայաստանի պետական պարտքը լիներ 2-3 միլիարդ, բայց ոչ՝ 12 մլրդ: Այստեղ է շան գլուխը թաղված: Դոնորներն առատորեն փող են տալիս: Նրանք, ովքեր գնում են կառավարության բաժնետոմսերը, էլի ֆինանսավորում են կառավարության բյուջեի դեֆիցիտը:
Հարկերը քերելու հարցում, իհարկե, անգերազանցելի են: Կարմիր գծերով, տարբեր տուգանքներով, խայտառակ ձևով ունեզրկելով հասարակությանը՝ կարելի է ՀՆԱ-ի չափ բյուջե հավաքել, բայց մեծ հաշվով արդյո՞ք մեր հասարակությունը իր բարեկեցության մակարդակով հասել է Շվեյցարիային, կամ Սինգապուրին, մեր կարգի պետություն Իսրայելին: Հավիտենական պատերազմի մեջ գտնվող այդ պետությունում, նույնիսկ հիմա, այս ժամանակահատվածում դուք տեսեք, թե ինչ թվեր են նրանք ներկայացնում՝ շնչի հաշվով, եկամտի, բարձր տեխնոլոգիաների, արտադրողականության, պաշտպանվածության, անվտանգության:
Այդ ներկայացրած թվերը, թե ծախսերն ավելացրել են, բայց խնդիրն այն է, որ կյանքը ցուց տվեց, որ հենց վերջին հինգ տարիների ընթացքում է հասարակության բևեռացվածության մակարդակն ծայրահեղորեն ավելացել, անպաշտպանվածության խայտառակ զգացում է այսօր, սահմանները ոչ թե խոցելի են, այլ խոցված են: Մեր բանակն ինչով է համալրվել, եթե այդ գումարներն ավելացել են, համենայն դեպս, ես չեմ տեսնում: Հետևաբար այդ պիտակները՝ «պատմական», «գերպատմական» և այլն՝ միամիտների համար են:
Դոլարն արժեզրկելով և դրամը գերարժևորելով այդ խաղերն, ինչպես ասում են, մենք անցել ենք: 2000-ականներին Քոչարյանն էլ էր ռիփորտ անում, ասում էր՝ այսքան շինարարություն է արվել, այսքան բյուջեն ավելացել է և շատ դեպքերում մենք տեսնում էինք, որ դրանք փոխարժեքի հետ մանիպուլյացիաների հետևանքով են: Սրանց օրոք էլ մենք տեսանք այդպիսի մանիպուլյացիաներ: Բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում 20-25%-ով դրամն արժևորվեց: Շատ հետաքրքիր հարց՝ ինչի՞ հաշվին: Կարելի է պարտք վերցնել, ծախսեր անել դոլարով: Այսպես ասած, ռեզերվներն, այո, կարելի է բազմապատկել, բայց դրանով մեր տնտեսական հզորությունը չի մեծանում, պաշտպանական հզորությունը չի մեծնում, սա է իրականությունը, դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են՝ ոչ ավելին»,-արձագանքեց Ատոմ Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել. Փաշինյան
- Որ պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա.Փաշինյան
- Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
- Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
- Փաշինյանը կպատասխանի հակիրճ, կոռեկտ և հստակ ձևակերպված հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան