Արթուր Պապյան. Խոցելի է օգտատիրոջ գլուխը, ոչ թե հեռախոսը
«Իրականում խոցելին ոչ թե հեռախոսն է կամ ինչ-որ ծրագիր, այլ օգտատիրոջ գլուխը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «CyberHUB-AM»- ի համահիմնադիր Արթուր Պապյանը՝ արձագանքելով հարցին, թե որ՞ հավելվածներն են առավել խոցելի։
Նրա խոսքով, հարձակումների ճնշող մեծամասնությունը հաջողության է հասնում այն պատճառով, որ օգտատերերը սեղմում են ամեն պատահած ու կասկածելի հղում, իրենց տվյալները փոխանցում են տարօրինակ ու կասկածելի կայքերի։
«Հաջողված հարձակումների ճնշող մեծամասնությունը լինում է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ ծրագիր խոցելի է, այլն այն պատճառով, որ օգտատերերը անում են սխալ ու վտանգավոր գործողություններ»,-ասաց փորձագետը։
Ըստ Պապյանի, խոցելիությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչ հեռախոս է, Android, թե՞ IOS համակարգով աշխատող, թարմացումները արվո՞ւմ են, թե՞ ոչ։ Քանի որ Android-ներն ավելի բազմազան են, ավելի ուշ են թարմացվում, ապա ավելի խոցելի են դրանք։
«Հետևաբար դրանց վրա բոլոր հավելվածներն անխտիր կարող են խոցելի լինել, կախված այն բանից, թե դրանք երբ են թարմացվել»,-ասաց Պապյանը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետի փոխանցմամբ, այն հավելվածները, որոնք ավելի շատ ինֆորմացիա են հավաքում օգտատիրոջ մասին, խոցելիության դաշտը մեծանում է։
«Օրինակ, «Սիգնալ» հավելվածը շատ քիչ տվյալ է հավաքում, միայն հեռախոսահամար ու թե վերջին անգամ երբ է օգտատերը ակտիվ եղել։ Նույնիսկ ընկերների ցուցակը «Սիգնալ»-ում չի լինում, ի հակադրություն դրա, «Վայբերը», «Տելեգրամը», «Վոթսափը» օգտատիրոջ մասին շատ տվյալներ են հավաքում, որպեսզի հետո կարողանան մոնետիզացնել։ Երբ տվյալները շատ են, դրա հետևանքով խոցելիության այլ դաշտ է բացվում, օրինակ երբ էլեկտրոնային փոստի հասցեն տալիս եք, կարող է դա ինչ որ կերպ աշխատել ձեր դեմ»,-ասաց Պապյանը։
Տարածված այն կարծիքը, թե «Վոթսափ»-ն ավելի խոցելի է տարատեսակ հարձակումների նկատմամբ, Պապյանը միֆ է որակում։
«Վոթսափ»-ը միշտ գաղտանգրված է, ի տարբերություն օրինակ Ֆեյսբուքի մեսինջերի, որը հայաստանցիների մեծ մասի մոտ գաղտնագրված չի։ «Տելեգրամ»-ը մասնակի է գաղտնագրված»,-նշեց նա։
««Amazon» ընկերության հիմնադիր և «Washington Post» թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը «Վոթսափ»-ի միջոցով կոտրելն է, ըստ նրա, դարձել տարածված միֆի պատճառ։
Ըստ փորձաքննության, ձեռնարկատիրոջ հեռախոսը կոտրվել է 2018 թվականի մայիսի 1-ին՝ MP4 տեսաֆայլի միջոցով, որը Վոթսափ»-ի միջոցով ուղարկել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։ Դրանից հետո մեծ քանակությամբ ֆայլեր գողացվել են Բեզոսի հեռախոսից։