Լեմկինի ինստիտուտի տնօրեն. Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց Ադբեջանի վայրագությունների համար պատասխանատվության
Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ պիտակավորման անհրաժեշտություն կա, դրանց նկարագրման համար պետք է օգտագործել օրինական ճանաչում ունեցող տերմիններ։ Այս մասին հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդում՝ Ժնևում «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառմանը։
Նա ուշադրություն է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը:
Եզրափակիչ խոսքում նա ընդգծել է պատասխանատվության և արդարության կարևորությունը՝ պնդելով, որ իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների համար պատասխանատվության:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմնաը մասնակցող Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատքի և կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին հատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութնան կենտրոնում են մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության պահպանության, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության և այլ անձանց ազատ արձակման հրամայակնները:
Միջոցառումը կազմակերպվել էր Հայ օգնության միության կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» գործընթացին զուգահեռ: Այն համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։
Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը
- Լեմկինի ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի համար
- Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն
- Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Բաքվի կողմից Արցախի առևանգված գործիչներին օգնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները