Ալիևը Փաշինյանից զիջումներ կորզում է բանակցային բոլոր հարթակներում. Արթուր Խաչատրյան
«Ադրբեջանը հրաժարվում է և ԱՄՆ-ի, և ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, քանի որ արևմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն, ինչ պետք էր»,- խորհրդարաական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ իրավունք, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։
Ա.Խաչատրյանն ընդգծեց, որ Ալիևի կողմից բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը հղի է նոր պատերազմի վտանգով։
Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
Ա.Խաչատրյանը նշեց, երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, այդ ընթացքում Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր էր կնքում։
«Ինչքան էլ ասես հալվա, բերանումդ չի քաղցրանա։ Երբեք որևէ թուղթ երկրի անվտանգությունը չի երաշխավորել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ արևմտյան հարթակներից Ալիևը ստանալու բան չունի, իսկ ռուսակա՞ն, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին գոնե արևմտյան հարթակներ չեն գնում՝ համարելով իրենց ծրագիրը լուծված։ Ռուսական, 3+3, թուրքական պետությունների կազմակերպության հարթակ ... Դժվար է ասել, բանակցությունները Ալիևը վարում է Փաշինյանի հետ, զիջումները Ալիևը Փաշինյանից կորզում է բոլոր հարթակներում։ Էլ ի՞նչ են պայմանավորվել երկու «կիրթ ու կառուցողական» գործընկերները, չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները կոչ են անում Բաքվին վերադառնալ կառուցողական քննարկումների դաշտ
- ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին
- Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը