Մեկնարկել է պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում մեկնարկել է 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի՝ Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստը մեկնարկելուց քիչ անց հետաձգվեց։ Պաշտպանական կողմն առաջարկեց նիստերն անցկացնել ավելի մեծ դահլիճում, որպեսզի նիստին մասնակցել կարողանան պատերազմում զոհված այլ տղաների ծնողներ։
Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ բոլոր դահլիճները զբաղված են, ընդամենը մեկ դահլիճ կա, որտեղ նիստեր անցկացնող դատավորը շուտով արձակուրդից կվերադառնա։
Դատարանի որոշմամբ, դահլիճը չփոխվեց, ինչի հետևանքով շատ ծնողներ սպասեցին դատարանի շենքի դիմաց։
Այժմ դատարանն անցել է Գալստյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Գալստյանին ձերբակալել են միջադեպի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին հարվածելու համար։
ՔԿ-ում այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։