Եվրոպական ճանապարհից հետընթացը կկործանի Վրաստանին
Եվրոպական ճանապարհից հետընթացը Վրաստանի վերջը կլինի. հետևաբար՝ մենք առաջ ենք գնում, նախագահական նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահը դիմել է մշակութային ոլորտի ներկայացուցիչներին և խոսել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կենսական կարևորության մասին։
«Եվրոպական ինտեգրացիան Վրաստանին եվրոպական ընտանիք վերադարձնելու ճանապարհն է: Սա կարող է տարբեր ձևեր ունենալ, բայց մենք գիտենք, որ հետընթաց չկա»,- ասել է նախագահը։
Նախագահի նախաձեռնած «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրությունների արշավը շարունակվում է, դրան միացել են հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Ստորագրությունների արշավը մեկնարկել է նոյեմբերի 8-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ և ներառում է կոչ Եվրամիության առաջնորդներին՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։