Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ցանկանում սրել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Իրանի իշխանությունները դիվանագիտական ուղիներով ԱՄՆ-ին հայտնել են, որ չեն ցանկանում, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ի պատասխան ԱՄՆ-ի՝ մենք ասացինք, որ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը տարածվի, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցման պատճառով, եթե Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների դեմ հանցագործությունները չդադարեն, հնարավոր են զարգացման այլ տարբերակները՝ ավելի լայն հակամարտությունը կարող է անխուսափելի լինել»,-ասել է նա բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
Աբդոլլահիանը հայտնել է, որ վերջին 40 օրվա ընթացքում Իրանն ու Միացյալ Նահանգները հաղորդագրություններ են փոխանակել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ամերիկյան բաժնի միջոցով: Ըստ FT-ի՝ նա բացառել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Reuters-ին հայտնել էր, որ Թեհրանն ուղղակի հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ, քանի դեռ հրեական պետությունը հարձակում չի ձեռնարկել իսլամական հանրապետության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին
- Իրանի հետախուզության ղեկավարի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունը կփոխի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում
- Իրանը հայտնել է Գազայի հիվանդանոցի մոտ իսրայելական բանակի շրջափակման մասին
- Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում