44-օրյայում անհայտ կորած զինվորի որոնման պատմությունը եվրոպական հեղինակավոր փառատոնում մրցանակների է արժանացել
Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է IPRESCI մրցանակի, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։ Լուրը հայտնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Նա նման մրցանակին արժանանալը համարում է պատմական իրադարձություն։
«Մրցանակը տրվել է հետևյալ ձևակերպմամբ՝
«Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»:
Կ.Ավետիսյանը հայտնում է, որ «1489»-ն արժանացել է նաև «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին՝ դառնալով տարվա վավերագրական լավագույն ֆիլմը։
Գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է՝
«Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։
Կինոն՝ որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել:
Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»:
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489». ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
«Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են...
Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է Շողակաթ Վարդանյանը հենց Ամստերդամում currenttime.tv-ին տված հարցազրույցում։