ԲՏԱ նախարարը՝ ՏՏ ընկերությունների՝ պետբյուջեից գումար ստանալուց հետո լուծարվելու մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բնական գործընթաց է համարում, որ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ և լուծարվել։ Կառավարարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, որ կառավարությունը 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարված են եղել։
Ըստ նախարարի, դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել։
«Բնական պրոցես է այնքանով, որ ընկերության որոշումն է՝ կարող է իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, կամ էլ կարող է գնալ լուծարման։
Բայց գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունը գումարը ստանալուց հետո համարվում է գործող ընկերություն։ Եվ ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործունեության բնույթից ելնելով ժամանակ առ ժամանակ դադարեցնում են իրենց գործունեությունը, հետո վերսկսում են։
Կոնկրետ հարցին՝ փաստացի վատնում չե՞ք համարում, որ նման ընկերությունների, հատկապես այն ընկերություններին, որոնք աջակցություն են ստացել և լուծարվել մի քանի օր անց, գումար տրամադրելը, պատասխանեց. «Ոչ, վատնում չեմ համարում։ Աջակցություն ստանալը և դիմումը, որ ներկայացրել են, տարբեր ժամանակներ են եղել։ Մենք դիմումն ընդունելու ժամանակ ենք նայում՝ բոլոր չափանիշներին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։ Դրանից երևի անցել է 4-6 ամիս, որ գումարն իրենք ստացել են։ Այդ ընթացքում ընկերությանը գնացել է առողջացման, թե չի կարողացել գնալ առողջացման, մենք այդ մասով հսկողություն չենք նախատեսել»։
Նա նաև նշեց, որ պետական աջակցություն տրամադրվում են այն ընկերություններին, որոնք համապատասխանում են հստակ չափորոշիչների, որոնք նշված են կարգում։
Լրագրողի դիտարկմանը, որ, փաստորեն, տեղի է ունեցել պետական գումարների փոշիացում, նա ասաց. «Դա ձեր մեկնաբանությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների՝ դրամաշնորհ ստանալուց հետո լուծարվելու մասին հրապարակումը
- Աջակցություն ստացածների ցանկը, որը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել. «Հետք»