Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել ՀՀ շուրջօրյա խնամքի հաստատություններ. Տաթևիկ Ստեփանյան
Այսօրվա դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող խնամքի հաստատությունում բնակվում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 83 տարեց։ Նրանցից 17-ը դեռ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել։ Ասուլիսում թվերը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նա նշեց, որ 83 տարեցներից 50-ը միայնակ են, նրանք չունեն ընտանիքի անդամներ, և, հավանաբար, կշարունակեն խնամք ստանալ տարեցների համար նախատեսված խնամքի հաստատություններում։
Տաթևիկ Ստեփանյանը ասաց, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել են վերամիավորումներ, քանի որ բռնի տեղահանման ժամանակ եղել են դեպքեր, երբ տարեցներն ու նրանց ընտանիքի անդամները տարբեր փոխադրամիջոցներով են տեղափոխվել ՀՀ: Այսօր էլ 2 տարեց վերադարձել են իրենց ընտանիքների մոտ։
Փոխնախարարն ասաց, որ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունից 10 երեխա՝ 5 աղջիկ, 5 տղա, սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են ՀՀ-ում գործող շուրջօրյա խնամքի հաստատություն։
«Երեխաները 1-17 տարեկան են։ Տեղափոխման պահին 2 երեխա առողջական խիստ անբավարար վիճակում են եղել, նրանց տեղավորել էին Գորիսի հիվանդանոցում։ Ամբողջությամբ լավանալուց հետո տեղափոխվել են խնամքի հաստատություն»,- նշեց նա։
Տ.Ստեփանյանն ասաց, որ այս երեխաներն ունեն կենսաբանական ծողներ, նրանցից որևէ մեկի ծնողը զրկված չէ ծնողական իրավունքներից, իրենց պարտականությունն է լինելու վերամիավորելու ընտանիքներին։ 2 երեխաների ընտանիքներ տեղափոխվել են և բնակվում են հաստատության մոտ բնակավայրերում, նաև հաշվառվել են 3-ը որպես խնամատարության ենթակա երեխաներ։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը
- Բռնի տեղահանված 2384 արցախցի արդեն իսկ աշխատանք է գտել․ փոխնախարար
- Փախստականի կարգավիճակ ստացած Արցախից բռնի տեղահանվածները կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն
- Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի հիվանդ գտնվում է բժշկական կենտրոններում
- Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում