«Ձեր խնդիրները լուծեք ՀՀ իշխանությունների հետ, հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհը»
Հայաստանն այս պահին հայտնվել է ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ դրանում իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։
Արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ հարցին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։
«Ունեք խնդիրներ Հայաստանի իշխանության հետ՝ սա վերաբերում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին և ՌԴ-ին, ձեր խնդիրները լուծեք ՀՀ իշխանությունների հետ, հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհն ու չպետք է զգա դրա ծանր հետևանքները»,- ընդգծեց պատգամավորը։
Հիշեցննենք, որ Մարիա Զախարովան ասել էր, թե Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ակնհայտ է՝ այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։
«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Նրա խոսքով՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի և ՀՀ-ին վերաբերող հարցերում չունենք որոշիչ ներգործություն։
Անդրադառնալով Բաքվի՝ Վաշինգտոնում արտգործնախարարների ղեկավարների մակարդակով բանակցություններին մասնակցելուց հրաժարվելուն, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է՝ Ադրբեջանը ստանձնած որոշ պարտավորություններ չի կատարում, ինչն էլ բերել է որոշակի կոշտ արձագանքի ԱՄՆ-ի կողմից, և դրան ի պատասխան Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումից։
«Ակնհայտ է, որ վերջին երեք տարիներին Ադրբեջանը վարքագծային փոփոխությունների է գնում և փորձում է հասնել այն առավելագույնին, ինչի հնարավորությունն այսօր տալիս է ՀՀ իշխանությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը խուսափում է կոնկրետ քայլեր անել Հայաստանի հետ բանակցային գործընթացում:
«Կարծում եմ՝ Ադրբեջանն այժմ վերագնահատում է իր հնարավորությունները, ինչպես նաև իր ուժերի հավասարակշռությունը, քանի որ ակնհայտ է՝ Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ, վերջին շրջանում ակտիվ խոսում է, այսպես կոչված, «անկլավների»՝ 8 գյուղերի մասին։ Միգուցե այս փուլում Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Փաշինյանից զիջումներ կորզում է բանակցային բոլոր հարթակներում. Արթուր Խաչատրյան
- «Ձեր քաղաքականության հետևանքը մեր ժողովրդի ողբերգությունն է»․ Տիգրան Աբրահամյան