Դուք ակնկալում եք ինձանից լսել, որ սա խայտառակ մեծ բացթողո՞ւմ է. ԿԳՄՍՆ պաշտոնյան` 2-րդ դասարանի դասագրքի մասին
Երկրորդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի հեղինակը հրավիրվել է ԿԳՄՍ նախարարություն այն բանից հետո, երբ ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատություններ հնչեցին, որ գրքում առկա QR կոդերը տանում են նաև ֆեյսբուքյան գրառումներ։ Օգտատերերն ահազանգում էին, որ հղումով տեղադրված տեղեկատվության բովանդակությունը պետության կողմից չի վերահսկվում, հնարավոր է՝ հաջորդ օրերին փոփոխվի։
Նախարարությունում հնչած քննադատություններից հետո ստուգել են՝ դասագրքում եղած QR կոդը տանում է ատամները մաքրելու վերաբերյալ սոցցանցում արված գրառումը։
«Իհարկե. QR կոդը տանում է այդ բժշկի ֆեյսբուքյան էջը, ուրիշ տեղ չի տանում։ Այնուամենայնիվ մենք կապ ենք հաստատել հեղինակի հետ, խնդրել ենք պարզաբանում նման հղում տեղադրելու վերաբերյալ, հանձնարարել ենք տեխնիկական լուծում փորձի գտնել, որպեսզի թեկուզ նույն QR կոդի ներքո լինի նույն տեղեկատվությունը բայց ավելի պաշտպանված կայքում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Նշենք, որ արձագանքելով խնդրին՝ համակարգչային սպասարկում իրականացնող «Վավատի» ընկերության տնօրեն Արտակ Գաբոյանն մասնավորապես գրել էր. «Էդ վիդեոյի տերն էլ ասենք որոշում է վիդեոն ջնջի։ Ի՞նչ է լինում էդ QR-ի հետ, պարզապես չի բացում։ Իսկ պատկերացնեք, որ էդ վիդեոն տեղադրված է՝ ասենք իմ բլոգում, որում չկա որևէ տարիքային սահմանափակում։ Հղումով երեխաները գալիս եմ իմ բլոգ վիդեոն նայելու, իսկ կողքից տեսնում են էն, ինչը հեչ պետք չէր, որ տեսնեին»։
Ի դեպ, դասագիրքն անցել է փորձաքննություն։ Թ. Սարգսյանը նկատեց, որ փորձագետների թվում նախարարության աշխատակիցներ չեն եղել։
«Ենթադրում եմ՝ փորձագիտական խմբի անդամները տեսել են, որ QR կոդը տանում է հենց թեմայի հետ կապված նյութ, ուշադրություն չեն դարձրել, որ դա օգտատիրոջ ֆեյսբուքյան էջ է։ Փոքր վրիպակ է տեղի ունեցել։ Եթե չփորձենք ավելորդ ուռճացնել, անկեղծ ասած, QR կոդով պետք է մտնել, կարդալ, թե ինչպես պետք է մաքրել ատամներն ու անցնել առաջ»,-ասաց նա։
Անդրադառնալով QR կոդով ստացվող տեղեկատվությունը պետական սերվերների վրա պահելու առաջարկին, վարչության պետը կարծիք հայտնեց, որ նման առաջարկ անողները պետք է պրոցեսն ավելի խոր պատկերացնեն, հասկանան, թե ինչ ծավալի ինֆորմացիայի մասին է խոսքը, արդյոք հնարավո՞ր է նման բան։
«Հավատացեք, մենք էլ ենք պատկերացնում, ինչպես կարելի է կոնտենտ ստեղծել ու պաշտպանել, նաև հասկանում ենք, որ նման հարթակ ունենալու համար անհրաժեշտ է շատ երկար ժամանակ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը մեծ ծավալի տեղեկատվություն ստեղծելու ու պաշտպանելու մասին է։
Թ. Սարգսյանը տեղի ունեցածը որակում է բացթողում, որը լուրջ հետևանքների չի հանգեցրել։
«Ես ոչ մի սարսափելի հետևանք չեմ կարողանում գտնել, այսինքն, ո՞րն է այստեղ ռիսկը։ եթե մենք խոսում ենք բացթողումները բացառելու մասին, դժվարանում եմ ասել, որ դա հնարավոր է։ Իրականացվում է շատ լայնածավալ գործընթաց, այո, հնարավոր է՝ երբեմն բացթողումներ էլ լինեն։ Շատ լավ կլինի, որ մեր հասարակությունն այդ բացթողումների նկատմամբ այդքան ատելությամբ ու բուռն ուռճացնելու արձագանք չտա։ Դասագիրքն արդեն երեք ամիս է՝ հասանելի է։ Վստահ եմ, որ շատ մարդիկ դա հասել են, անցել են, գուցե չեն էլ նկատել։ Լինելով բավականին լավ օգտատեր՝ գուցե ես էլ դա չնկատեի»,-ասաց նա։
Վարչության պետը նշեց, մեխանիզմ կա, ամեն տարի բոլոր դասագրքերում դրված QR կոդերը ստուգվելու են՝ հավաստիանալու, արդյոք հղումներում առկա ինֆորացիան համապատասխանում է թեմային։
«Դե կներեք, ֆեյսբուքում տարածվել է այդ նյութը, ֆեյսբուքով դուք այդ ինֆորմացիան ստացել եք, այս նյութը ֆեյսբուքում տեղադրելու եք։ Դուք ի՞նչ եք ակնկալում ինձանից լսել, որ սա խայտառակ մեծ բացթողո՞ւմ է ու աններելի իրավիճա՞կ է ստեղծվել։ Նախարարության մեկնաբանութուննը հետևյալն է, հեղինակը հրավիրվել է նախարարություն, խնդրել ենք պարզաբանել, թե ինչ նպատակով է տեղադրվել նմանատիպ նյութ, ինչպես նաև ներկայացնել առաջարկ, թե ինչպես է նա պատրաստվում դա փոխել, որ տանի թեկուզ հեղինակի կողմից ղեկավարվող ռեսուրս։ Խոստացել է գրավոր պատասխանել»,-ասաց վարչության պետն ու ավելացրեց, որ հաջորդ փորձաքննությունների ժամանակ այս հարցն ուշադրության կենտրոնում են պահելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան