Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն
Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Հրաչ Պողոսյանը, Աշոտ Ալեքսանյանը և Կորյուն Ղաֆադարյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայությունների:
Միջոցառման ընթացքում Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հրաչ Պողոսյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում ճարտարապետության ասպարեզում Ձեր գովարժան վաստակին: Մասնագիտական երկարամյա բեղմնավոր գործունեության ընթացքին Դուք հեղինակել եք բազմաթիվ շենքերի ու շինությունների կառուցման ու վերականգնման նախագծեր:
․․․Որդիական սիրով ու պատրաստակամությամբ Դուք գովարժան ծառայություններ էք մատուցել նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն և լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` որպես Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամ: Մենք ուրախ ենք, որ շնորհաշատ հայորդուդ նախագծերով կատարվեցին վեհարանի հանդիսությունների սրահի և Սրբոց Հայրապետաց մատուռի կառուցման աշխատանքները, որոնք իրենց յուրօրինակ ոճով ու գեղեցկությամբ նոր բարեզարդություն են պարգևել Սուրբ Էջմիածնին և այսօր արդյունավորությամբ ծառայում են մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրանականացման գործին»:
Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Աշոտ Ալեքսանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Դուք երկար տարիներ նվիրյալ աշխատանքով բարի ավանդ եք բերում մեր երկրում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը: Հայրենի մեր երկրում բազմաթիվ են Ձեր նախագծերով կառուցված շենքերն ու շինությունները, որոնք առանձնանում են իրենց հեղինակային ուրույն հորինվածքով:
․․․Մեծարգո պրն. Ալեքսանյան, առանձնակի գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք, Մեր հրավերին ընդառաջ, սիրով հանձն առաք անդամակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդին` Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձառությունը ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու շինարարական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը»:
Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ընթերցեց տիար Կորյուն Ղաֆադարյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում արձանագրված է. «Առանձնակի գնահատանքով ենք անդրադառնում, որ Դուք տակավին խորհրդային տարիներին բարի ծառայություններ եք մատուցել նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին` համահեղինակ դառնալով Մայր Տաճարի շրջափակի բարեկարգման նախագծի: Ուրախ ենք, որ այսօր էլ շարունակում էք եկեղեցանվեր ընթացքը և Ձեր գիտելիքներն ու կարողությունները սիրով ծառայեցնում մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը` իբրև անդամ Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի»:
Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն ընթերցեց Կառլեն Գևորգյանին ուղղված կոնդակը, որում ասված է․ «Անձնապես ճանաչում ենք Ձեզ և տեղյակ ենք մեր երկրի հասարակական կյանքում Ձեր արդյունավոր գործունեությանը:
․․․Հայրապետիս համար գոհունակություն է անդրադառնալ, որ Ձեր ստեղծագործ մտքի արգասիքները զարդարում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շրջափակը` հիացմունք պարգևելով մեր հավատացյալներին ու մայրավանքի հյուրերին: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը Դուք զորակցել եք նաև Ձեր ազնիվ ու սրտաբուխ ընծայաբերումներով` Տիրոջ օրհնությունը հավելելով Ձեր կյանքում»։
Կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան