Չինաստանի առաջնորդի հետ նույն սեղանի շուրջ նստելու համար գործարարները վճարել են 40 հազար դոլար
Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ գործնական ընթրիքի հրավիրատոմսը ձեռնարկատերերի համար արժեցել է 2000 դոլար։ Այս մասին գրում է Newsweek-ը՝ միաժամանակ հայտնելով, որ Չինաստանի առաջնորդի հետ նույն սեղանի շուրջ լինելու համար նստատեղն արժեցել է 40 հազար դոլար։
Նշվում է, որ չինացի նախագահի հետ սեղանի շուրջ նստած են եղել «Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը, «Blackstone Group»-ի ղեկավար Սթիվեն Շվարցմանը, «Bridgewater Associates»-ի հիմնադիր Ռեյ Դալիոն, «BlackRock»-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքը և «Citadel Securities»-ի նախագահ Պեն Չժաոն։
Ընթրիքի մյուս մասնակիցներն էին «Boeing»-ի գործադիր տնօրեն Սթենլի Դիլը, Կոլումբիայի համալսարանի նախկին դեկան Մերիտ Յանովը, «Gilead Sciences»-ի գործադիր տնօրեն Դանիել Օ'Դեյը և «Fulgent Genetic»-ի գործադիր տնօրեն Մինգ Քին:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որտեղ Սի Ցզինպինին Սան Ֆրանցիսկոյում APEC գագաթնաժողովի նախօրեին ողջույնի ընթրիքի ժամանակ նվիրել են տեղի Golden State Warriors բասկետբոլային թիմի մարզաշապիկը։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Չինաստանի առաջնորդին նվեր է հանձնել։ Սի Ցզինպինը կատակով հարցրել է՝ արդյոք նա նույնքան շքեղ կլինի, եթե կրի մարզաշապիկը: Ի պատասխան ամերիկացի պաշտոնյան նրան անվանել է MVP (Most Valuable Player, ամենաարժեքավոր խաղացող): Դատելով Սի Ցզինպինի արձագանքից՝ նրան գոհացրել է ամերիկյան կողմի նվերը։