Ծուխ էր, երրորդին չկարողացանք դուրս հանել. ֆակուլտետի պարետը մանրամասներ է պատմում
«Դեռ քննություն է գնում։ Դեպքի վայրում էի, իջել ենք նկուղ, երկու հոգու օգնել ենք հանել վերև, երրորդին չկարողացանք»,- Panorama. am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի պարետ Էռնեստ Թովմասյանը։
Նրա խոսքով, մինչ փրկարար խմբի գալը, տուժածներին օգնության են հասել ֆակուլտետի ուսանողները։
«Ուսանողները երկու-երեք հոգի եկել են, օգնել։ Չեմ կարող ասել՝ ինչից է եղել հրդեհը։ Ինձ թվում է զոհը ծխից է խեղդվել։ Ես սենյակում էի, ինչ-որ ձայներ եմ լսել, դուրս եկել, բայց չէի ասի, որ պայթյունի ձայն էր»,-ասաց Էռնեստ Թովմասյանը։
ԵՊՀ աշխատակցի խոսքով, դեպքի վայրին կից սենյակներում քիմիական նյութերի պահեստներ են եղել, կողքին կանաչապատման աշխատակիցների հանդերձարանը, որտեղ վերջիններս պարբերաբար հանդերձափոխվել են։
«Խառն էր բոլորիս գլուխը, զոհվածը մոտ 60 տարեկան տղամարդ էր, վիրավորներից մեկը ոստիկան, ով եկել էր օգնելու,երկուսը ևս կանաչապատման աշխատակից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՆԳՆ հրապարակած տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան