Սիմոնյան. Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Հարավային Կովկասն արդեն տասնամյակներ շարունակ և հակապես վերջին տարիներին բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների»,- Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման արարողությանն ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկան զերծ պահել տառապանքներից։
«Այդ բանաձևի կարևորագույն բաղադրիներից մեկը ժողովրդավարությունն է։ Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկամամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգային կարևորագույն երաշխիք է»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգությանը՝ նա նշեց. «Ես ևիմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, եւ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր:
Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեւորելու մեր ժողովրդի պատմությունը եւ վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերություններն և համագործակցել;
«Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ՝ խաղաղություն բերելու և ապագա սերունդներ համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար։ Հենց այդ պատճառով էլ ՀՀ կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ։ Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարեց Ա.Սիմոնյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների, կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ։
«Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքները։ Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի և ՀՀ տեսլականը լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն պարզաբանումներ չեն ներկայացրել` ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
- ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը՝ Երևանում
- Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
- Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը չեն գրանցվել ԵԱՀԿ երևանյան խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար
- ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի շրջանակում Հայաստան կժամանեն 50 երկրի 300 պատվիրակ