«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնող խմբի նիստ էր արել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից:
Տեղեկացանք, որ վարչության նիստը 2 ժամից ավելի է տևել և հիմնականում նվիրված է եղել ՔՊ կանոնադրությանն ու կուսակցականների էթիկայի վարքականոններին: Մեր տեղեկություններով՝ պատճառն էլ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի սկանդալային վարքագիծն է եղել, ինչի պատճառով էլ նա հեռացվել էր կուսակցությունից. հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին:
ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նիստի սկզբում կուսակցության կանոնադրությունն է ընթերցել թիմակիցների համար, խոսել է նրանց պարտականությունների ու էթիկայի կանոններին հետևելու անհրաժեշտության մասին, խոսել է նաև կուսակցաշինության մասին:
Թե ինչու հենց Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ից ասացին, որ վարչությունն է այդպես որոշել: ՔՊ-ականներին ասվել է, որ չպետք է շեղվեն կուսակցության կանոնադրությունից, խստորեն պետք է հետևեն դրան և չպետք է իրենց վարքով ստվեր գցեն ամբողջ թիմի վրա: Կուսակցության նախաձեռնող խմբի նիստն իր կարճ ելույթով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է նաև, որ նախաձեռնող խմբի նիստին նախարարները ներկա չեն եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում