Եթե մենք շարունակենք ապրել որպես օրակարգ չունեցող ժողովուրդ, կկորցնենք և դա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Առաջին բանը, որ պետք է անենք, հնարավորություններ ու լուծումներ գտնելն է։ Մենք տեսնում ենք, որ կորուստների քաղաքականությունը շարունակվում է»,- «Արցախը՝ Բաքվի, Երևանի և միջազգային հանրության խոսույթում» բաց քննարկմանն ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ որևէ մեկը չի թաքցնում, որ այլ նպատակներն էլ ունեն Հայաստանի հետ կապված. «Միայն Սյունիքին ու Գեղարքունիքին չի վերաբերում, դրանք նշվում են որպես զուտ ֆիզիկական կորստի վտանգ։ Վերաբերում է ընդհանրապես Հայաստանի ձևին ու տեսքին, թե ինչպիսին երկիր պետք է լինի»;
Քաղաքագետի խոսքով, Արցախի հիմնախնդիրը եղել և շարունակում է մնալ Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի ամենակարևոր բաղկացուցիչը, որն էլ իր հերթին գտնվում է աշխարհաքաղաքական լուրջ վերափոխումների գործընթացում։
Տարածաշրջանի խոշոր խաղացող Ռուսաստանը, բանախոսի խոսքով, չվստահելով Թուրքիային, կարծում է, որ պետք է Թուրքիայի հետ աշխատել, քանի որ Թուրքիան նախ օգնում է Սև ծովի ավազանը ավելի անվտանգ դարձնելուն, ինչն ուկրաինական պատերազմի ֆոնին իրեն շատ է պետք․ «Մտածում են, որ Թուրքիան իրենց օգնում է Մերձավոր Արևելքում՝ քիչ թե շատ կանխատեսելի իրավիճակ ունենալու տեսակետից, նաև Թուրքիան իրենց համար դիտարկում են որպես արտաքին աշխարհ դուրս գալու, հատկապես էներգետիկ համակարգով, կարևոր հանգուցային երկիր, որի հետ պետք է աշխատել»։
Քննարկման համակարգողի դիտարկմանը, փաստորեն, ստացվում է անգամ հայաթափված, Արցախը գործոն է, և գործոն է, որովհետև հայաթափվեց, Հ.Մելիք-Շահնազարյանն արձագանքեց, որ եթե Արցախում ոչ մեկ չպայքարի, միևնույն է, կգտնվեն արտաքին խաղացողներ, որ կգան, իրենց արտաքին տեսքը կնմանեցնեն արցախցիներին ու այնտեղ ինչ-որ խնդիր կլուծեն։
«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը ենթադրում է, որ հայերը և ադրբեջանցիները, կամ հայերը և թուրքերը, առնվազն հարյուր տարին մեկ իրար կոտորեն, որ մեկը, ապա մյուսը մի քիչ աճեն․ բաժանիր և տիրիր քաղաքականությունն է»,- ասաց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանի խոսքով, իրականում մեր երկրի վրա «խաչ քաշած» վիճակ է. չես կարող լինել ինչ-որ բանի սպասարկող, եթե ուժ չունես։
«Հիմա, եթե վերադառնանք Արցախի հետ կապված արտաքին խաղացողների խոսույթին, խնդիրը հետևյալն է․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ի դեմս ողջ Եվրոպայի, քսանհինգ տարի շարունակ ասել են, որ ուժի սպառնալիք, ուժ կիրառում չի կարող լինել, ժողովուրդների ինքնորոշման իրավունք պետք է լինի։ 44-օրյա պատերազմը ուժի կիրառում էր, և հիմա այդ ուժային կենտրոնները լուրջ խնդրի առջև են կանգնած։ Եթե այդքան տարի ինչ-որ սկզբունքներ են պաշտպանել, և ինչ-որ Ալիև այդ սկզբունքների վրա թքած է ունեցել ու հարցը իր ձևով լուծել, այդ երկրները չեն կարող ցանկացած այլ հակամարտության գոտում որպես երաշխավոր հանդես գալ, քանի որ միշտ հիշեցնելու են, որ իրենց մշակած սկզբունքները, ըստ էության, ոտնահարվել են»,- ասաց փորձագետը։
Անդրադառնալով հայ իրականության և հասարակության մեջ Արցախի խնդրին և քայլերին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Արցախի հետ կապված մեր հասարակության մեջ մինչ այս պահն ապագա անելիքի որևէ տեսլական չի ձևավորվել․ «Մենք հստակ չենք դրել այն հարցը ՝ պե՞տք է արդյոք արցախահայությունը վերադառնա, թե՞ պետք չէ, կամ ի՞նչ պայմաններով վերադառնա, կամ ամենավատ պայմաններով՝ թեկուզ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու պայմաններում գնան՝ ի՞նչ անեն։ Այս հարցերը մենք պետք է դնենք»։
Մինչդեռ Թուրքիան, նրա խոսքով, իր համար այդ խնդիրները վաղուց լուծել է․ «Իրենք գիտեն, որ պետք է լինեն այդտեղ, իրենց դարավոր երազանքի իրականացան համար մի փոքր բան է մնացել, ըստ էության, մեկ-եկու օրվա ռազմական գործողություններ, որը չի արվում արտաքին ճնշման պատճառով։ Բայց եթե մենք շարունակենք ապրել որպես օրակարգ չունեցող ժողովուրդ, նույնիսկ ամենատարրական հարցերում վերջնական լուծումներ չունեցող ժողովուրդ, բնականաբար կկորցնենք և դա»։
Քննարկումն ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից
- Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դրանից է կախված Արցախի ապագան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում
- Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել .Հրանտ Մելիք-Շահնազարյան