«Բռնի տեղահանվել ենք՝ Արցախում թողնելով մեր զավակների, քույրերի ու եղբայրների գերեզմանները, մեր սրտերն ու հոգիները»
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների համար այսօր Ազգային պատկերասրահի շենքում ընթրիք է մատուցվելու։ Երբ նրանք միկրոավտոբուսներով ժամանեցին Հանրապետության հրապարակ, նրանց դիմավորեցին հրապարակում ՀՀԿ-ականների նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները։
Նրանցից ոմանք կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ևս մասնակցում էի ակցիային։ Նրա խոսքով՝ ցավոք, միջազգային հանրությունը, որն այսօր խոսում է մարդկային կյանքերի մասին իբրև բարձրագույն արժեք, լուռ էր, խուլ էր, ոչինչ չէր տեսնում ու լսում, և աշխարհի լուռ համաձայնության ներքո 3 տարի շարունակ Արցախի Հանրապետությունում հայը կեղեքվում էր, մորթվում էր միայն այն բանի համար, որ ընդամենն ապրում է իր հայրենիքում։
«Նույնիսկ հրադադարից հետո ադրբեջանցիները շարունակում էին գերեվարել մեր հայրենակիցներին, պատանիներին ու երեխաներին, շարունակում էր սպանել ու խոշտանգել», - ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այդ երեք տարիների ընթացքում հայ գերիների թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ։
Նրա խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում որևէ պայմանավորվածություն բռնապետ Ալիևը չի պահել, որի արդյունքում էլ Արցախի քաղաքացիները գերի են Բաքվի բանտերում։
«Ուր են միջազգային կառույցները։ Այսօր մենք մեր կամքից անկախ, ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվել ու եկել ենք մայր հայրենիք, իսկ հայկական երկրորդ պետությունում թողել ենք մեր զավակների, քույրերի ու եղբայրների գերեզմանները, մեր տները, մեր սրտերն ու հոգիները։ Այսօր մեր իրավունքները խախտվում են նաև մայր հայրենիքում, խախտվում են ՀՀ իշխանությունների ձեռքով»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերն են, որոնք հնչեցվում են մեր պետական այրերի բերանով. Արցախի ԱԺ պատգամավոր
- Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ի ակցիան Հանրապետության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան