Հայաստանը որքան եկամուտ է ստացել զբոսաշրջությունից
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն առաջին անգամ հատել է 2 միլիոնի սահմանագիծը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկիր է այցելել 2 մլն 50 հազար զբոսաշրջիկ, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1,7 մլն զբոսաշրջիկ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե հաշվի առնեն, որ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում միջինում ծախսում է շուրջ 1000 ԱՄՆ դոլար, դա նշանակում է, որ Հայաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջային ուղևորություններից հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 2 մլրդ դոլար։
«Իհարկե, սա ոչ պաշտոնական տվյալ է»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին գրավոր հարցում էին ուղարկել, թե 2022 և 2023 թթ-ի հունվար-հոկտեմբերին որքան է կազմել Հայաստանի զբոսաշրջության եկամուտը։ Կոմիտեից հայտնեցին, որ այդ թվերը կարող են ներկայացնել միայն հունվարին, երբ տվյալներն ամփոփեն։
«Այդուհանդերձ փաստ է, որ մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ է ստացվել։ Այս ամենը հաշվի առնելով, կառավարությանը պետք է խնդրենք, որ ներգնա զբոսաշրջությունից գեներացված բյուջետային մուտքերի գոնե մեկ տոկոսը 2024 թվականին հատկացնեն զբոսաշրջության ոլորտում բարեփոխումներ նախատեսող ծրագրին, որում ներառված են մարկետինգային միջոցառումներ, զբոսաշրջային արդյունքի ձևավորման, դիվերսիֆիկացման հետ կապված հարցեր, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումներ, ենթակառուցվածքների զարգացում և այլն։ Իրականում նաև շատ կարևոր է, որ այդ ծրագրի մշակման գործընթացում ներգրավված լինի պետություն-մասնավոր հատվածը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի զբոսաշրջությունը որոշակի անկում էր գրանցել: Սակայն, ոլորտն աստիճանաբար արթնանում է: Ավելին, երբևէ Հայաստանը չէր ընդունել 2 մլն զբոսաշրջիկ։
«Նախորդ տարի Հայաստան է այցելել մոտ 1,6 մլն զբոսաշրջիկ, իսկ հիմա դեռ տարին չավարտված այդքան հոսք ունենք։ Հատկանշական է, որ այս թիվը գերազանցում է նաև 2019 թվականի ցուցանիշը։ 2019թ-ին՝ կորոնավիրուսից առաջ, գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 1 մլն 894 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Իսկ թե ինչով է պայմանավորված նման բարձր ցուցանիշը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարծում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակով։ Ըստ նրա՝ համաշխարհային զբոսաշրջությունը դեռ չի վերականգնվել, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը ևս խոչընդոտում է դրան, թեև եվրոպական շատ երկրներում էլ Հայաստանը ներկայացվում է կարմիր գոտիներով, ինչը ենթադրում է ոչ անվտանգ և ոչ ապահով միջավայրի առկայություն, բայց դրան զուգահեռ մի շարք երկրներում էլ մեր երկիրը ներկայացվում է ամենաանվտանգ երկրներից մեկը։
«Կարող է պարադոքսալ թվալ, բայց մենք ունենք զբոսաշրջային այցելությունների աճ։ Դա գլխավորապես պայմանավորում եմ նրանով, որ նույնիսկ այս դժվարին իրավիճակում զբոսաշրջիկն իրեն մեր երկրում ընդունված և անվտանգ է զգում ։ Սա շատ կարևոր է, բայց չպետք է դրանից ուրախանալ ու համարել, թե աճ ունենք ու սկսենք շեղվել մեր նպատակներից։ Մեր գլխավոր հաղթաթուղթն այն է, որ զբոսաշրջիկներն իրենց մեր երկրում զգում են ընդունված, հայերի հյուրասիրությունը չափազանց դուր է գալիս նրանց, բացի այդ հետաքրքված են Հայաստանի պատմամշակութային արժեքներով, բացի այդ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս ոչ միայն տեսարժան վայրերը, պատմական վանքերը տեսնելու, այլև վայելելու հայկական բնաշխարհը, ջերմ կլիման, արևը, խոհանոցը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում զարգանում է արկածային, էքստրեմալ տուրիզմը, որի համար Հայաստանում կան բնական պայմաններ․ այդ առումով ևս երկիրը գրավիչ է օտարերկյա զբոսաշրջիկների համար։
Ֆեդերացիայի նախագահը միաժամանակ ասաց, որ այստեղ նաև չպետք է մոռանալ պետության և մասնավոր հատվածի աշխատանքը՝ երկիրը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու համար։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով առաջատարը մնալ։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդ տեղում Իրանը։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ վերջին 10 տարիներին Ամանորյա հանգիստը Հայաստանում անցկացնել ցանկացող զբոսաշրջիկների թիվը ևս գնալով աճում է։ Արդեն սկսել են ամրագրումները, սակայն տվյալներ կարող են ներկայացնել ավելի։