Վրաստանը կհարկի շաքարավազի ներմուծումը
Նոյեմբերի 20-ից Վրաստանում գործում է շաքարավազի ներմուծման հարկը։ Որոշումը կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 100 կգ-ից ավելի ներմուծվող շաքարավազի 1 կիլոգրամի համար կվճարվի 40 թեթրի. այսինքն՝ յուրաքանչյուր տոննայի համար 400 լարի։
Բացառություն են կազմում EUR.1 արտոնյալ ծագման վկայագրի օգտագործման դեպքերը, որը տրվում է շաքարավազի կամ ծագման հայտարարագրի հիման վրա հարկային արտոնությունների համար: Բացի այդ, որոշման ազդեցությունը չի տարածվում այն շաքարավազի ներմուծման վրա, որի փոխադրումը ծովային ճանապարհով սկսվել է նախքան որոշման ընդունումը։
Շաքարավազ ներկրողներն արդեն հայտարարել են, որ մեկ պարկ շաքարավազի (50 կգ) արժեքը ներքին շուկայում կարող է աճել միջինը 23 լարիով: Ի դեպ, տարեսկզբից սկսած 10 ամիսների ընթացքում Վրաստան է մատակարարվել 76,7 մլն դոլարի՝ 113 հազար 114 տոննա շաքարավազ։