Երևանում ուելսցի ֆուտբոլային երկրպագուների նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում ուելսցի 16 ֆուտբոլային երկրպագուի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրիք 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։ Հանդիպմանը ներկա լինելու համար Հայաստան էր եկել Ուելսի հավաքականի ավելի քան 1200 երկրպագու։ Խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել էին ուելսցի 32 երկրպագուներ։ Ոստիկանությունից հայտնել էին, որ 16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել բերվել են բաժին և ազատ են արձակվել։
«Հաղորդում է ստացվել Ուելսի երկրպագուների միջև իրար նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու վերաբերյալ։ Այդ կապակցությամբ ոստիկանության կողմից ձերբակալվել և քննչական մարմին են ներկայացվել 16 անձինք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բոլորին տրվել է դատաբժշկական փորձաքննության ներկայանալու ուղեգիր և անձինք ազատ են արձակվել։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք հրաժարվել են փորձաքննություն անցնելուց»,- ասաց Գ.Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ քրեական վարույթը շարունակվում է, բայց որևէ ուելսցի արգելանքի տակ չէ, նրանցից որևէ մեկի նկատմամբ ՔԿ կողմից սահմանափակում չի կիրառվել։
Հարակից հրապարակումներ`
- Ուելսի երկրպագուներից 16-ը ձերբակալվել է խուլիգանության, ևս 16-ը՝ հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով
- Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու. Բի-Բի-Սի
- Հայաստան-Ուելս՝ 1։1
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան