ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է
ԵՊՀ քիմիայի ֆակուկտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ փոխանցմամբ, նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:
Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:
«Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:
Նախաքննությունը, որն իրականացվում է ձևավորված քննչական խմբի կողմից, ակտիվորեն շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պայթյունի պատճառը, դրան նպաստած հանգամանքները լիարժեք պարզելու և իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այս կապակցությամբ հաստատված փաստական տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի»,-հայտնում են քննչական ՔԿ-ից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
- Քիմիայի ֆակուլտետի դեկան. Լսի, մի անկեդոտ կա, որ բիձեն բերդում նստած...
- Տուժածներից մեկը 70 տարեկան է, մյուսը՝ 66 տարեկան՝ պոլիտրավմա, քիմիական այրվածք ախտորոշմամբ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
- ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
- Պայթյունը եղել է պոմպակայանի համար նախատեսված սենյակում՝ կից քիմիական նյութերի պահեստին. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
- ԵՊՀ հրդեհի հետևանքով հոսպիտալացվաներից մեկը ոստիկան է
- Հանգստացեք երեխեք, մարդը զբաղված է. ԵՊՀ ռեկտորին ուղեկցողը՝ լրագրողներին
- Հրդեհ ԵՊՀ քիմիական ֆակուլտետում