Էրդողանը Հայաստանին կոչ է արել «բռնել Ադրբեջանի մեկնած բարեկամության ձեռքը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրենց մեկնած բարեկամության ձեռքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի ղեկավարը ժողովրդին ուղղված ուղերձում իր գլխավորած կառավարության նիստից հետո, որի հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է խաղաղության և համագործակցության մեջ փնտրեն անվտանգություն, այլ ոչ թե «տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու»:
«Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր»,-ասել է Էրդողանը` չնշելով պետությունների անունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամենամսյա պարբերականությամբ համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ հիմնականում ՀՀ-ի սահմանների հարևանությամբ: Ադրբեջանական բանակը ինտենսիվորեն համալրվում է սպառազինությամբ, այդ թվում նաև թուրքական արտադրության: ՀՀ զինված ուժերն այս ժամանակաշրջանում ձեռք են բերում բացառապես պաշտպանական նշանակության զենքեր:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում նոր տարածքային պահանջների մասին է.Տիգրան Աբրահամյան
- Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան
- Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ խոսնակ
- Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները