Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազար է, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան
«Աշխատանքային միգրանտները չեն համարվում զբոսաշրջիկ, բայց եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք, այդ ուղղությամբ աշխատում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, ասիական շուկան իրենց համար նոր զարգացման ուղղություն է, այնտեղ պարբերաբար մասնակցում են զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնում են տարբեր գովազդային արշավներ:
Հարցին՝ Հայաստանում գտնվող հնդիկների թիվը որքա՞ն է, Վ.Քերոբյանը պատասխանեց. «Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում են այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաև 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանում։ Քանի որ մենք գիտենք, որ Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերն այդքան մեծ չեն, հետևաբար դրանք զբսաշրջիկներ չեն»:
Նա նշեց, որ հնդիկները Հայաստանում տարբեր ոլորտներում են ընդգրկված՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ։
«Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից: Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից հիմնականում գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում»,-ասաց նա։
Քերոբյանը նշեց, որ հիմա, իհարկե, իրենց ջանքներն ուղղվում են նրան, որ ԼՂ բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան, «որպեսզի կարողանան դառնալ տնտեսական օգուտ, տնտեսական ուժ, ոչ թե բեռ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը որքան եկամուտ է ստացել զբոսաշրջությունից
- Հնդիկներն՝ Ավինյանի երթի մասնակից
- Սննդի առաքման գործում հնդիկների ներգրավվումն էլ ավելի է սրել առկա խնդիրները
- Հանուն արդարության՝ պետք է նշեմ, որ Հրապարակի ջրոցու բրիգադի մեծ մասը հնդիկ-պարսիկ են. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան