Երեխաների իրավունքները երբե՛ք այսքան անտեսված չեն եղել. ՅՈՒՆԻՍԵՖ
Այսօր 400 միլիոն երեխա, կամ գրեթե 1-ը յուրաքանչյուր 5-ից, ապրում կամ փախչում է հակամարտության գոտիներից: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը՝ տոնելու պատմության մեջ ամենալայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (ԵԻԿ) ընդունումը:
«Երեխաներից շատերը վիրավորվում են, սպանվում կամ սեռական բռնության ենթարկվում: Նրանք կորցնում են ընտանիքի անդամներին և ընկերներին։ Իսկ ոմանք հավաքագրվում և օգտագործվում են զինված ուժերի կամ խմբավորումների կողմից: Նրանցից շատերը բազմիցս տեղահանվել են՝ ենթարկվելով իրենց ընտանիքներից բաժանվելու վտանգին, կորցնելով կրթություն ստանալու հույժ կարևոր տարիները, կտրվելով իրենց հարազատ համայնքներից»,-նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Ըստ աղբյուրի, Միավորված ազգերի կազմակերպությունը 2005-ից 2022 թվականներին հակամարտող տարածքներում հաստատել է երեխայի իրավունքների ավելի քան 315,000 կոպիտ խախտում: Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք ստուգվել են, ինչը նշանակում է, որ խախտումների իրական թիվը, անկասկած, շատ ավելի մեծ է:
Հակամարտության գոտիներից անդին էլ երեխաների իրավունքները վտանգի տակ են։
«Այն, որ այս իրավիճակը համընկնում է երեխաների իրավուքները ոտնահարող այլ ճգնաժամերի հետ, խորապես մտահոգիչ է։ Խոսքը վերաբերում է աղքատության և անհավասարության աճին, առողջապահական արտակարգ իրավիճակներին և, իհարկե, կլիմայի գլոբալ ճգնաժամին։ 34 տարի առաջ՝ ԵԻԿ-ի ընդունումից ի վեր, երեխաների իրավունքները երբե՛ք այսքան անտեսված չեն եղել»,-ընդգծում են ՄԱԿ-ում։
Լուսանկարում արցախցի երեխա է՝ տեղահանվելիս։ Լուսանկարները՝ կառավարության ֆեյսբուքյան էջից։