Կառավարությունն առաջարկել է 2023 թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարել
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել նույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև՝ դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:
«Վերաբաշխումների սահմանաչափի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման և այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծում։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:
«2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ: Մինչ այդ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ մեր բազմաթիվ հայրենակիցները մնացել էին Հայաստանում՝ հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ Վերջիններիս սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ և ծախսային վերաբաշխումներ իրականացնելու: Բացի այդ, մինչև տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով ևս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը»,- ասաց փոխնախարարը։
ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 2,591 մլրդ դրամ ընդհանուր ծախսերի վերաբաշխման թույլատրելի 3% սահմանաչափը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ: 2023թ. նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշումներով և ծանուցագրերով վերաբաշխված գումարը կազմում է 74 մլրդ դրամ, ինչը արդեն իսկ կազմում է 2023թ. պետական բյուջեի ծախսերի շուրջ 2.85%-ը:
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կընձեռնվի 2023թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացնել ևս 3% (77.7 մլրդ դրամ) վերաբաշխումներ: Ներկա պահին գնահատված 145.3 մլրդ դրամ ֆինանսավորման պահանջի մեջ ներառված է նաեւ պաշտպանության ոլորտի գծով կարիքները, վերջինիս գծով վերաբաշխումները 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն վերաբաշխումներում չեն հաշվառվում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
- ՄԱԿ-ի առաքելությունն այս շաբաթավերջին կայցելի Արցախ. Ստեֆան Դյուժարիկ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան