Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակ և նպաստ
ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծեր են ներկայացվել ԱԺ հաստատմանը։
Նշվում է, որ ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
ԱԺ արտահերթ նիստում նախագծերը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն Հայաստանում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ և նպաստ։
Նա նշեց, որ Փախստականների և ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն ՀՀ տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալ պետական նպաստներ, դրամական այլ օգնություններ, ինչպես նաև ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել) առցանց դիմումի հիման վրա, առանց ստաժը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելիս, տեսակը փոխելիս նախկին ստաժը չվերահաշվարկել, կենսաթոշակը վճարելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ բանկ ներկայանալու պայմանը, կենսաթոշակի գործերը «տեղափոխել» պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն առաջարկել է 2023 թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարել
- Արցախցիները կստանան կենսաթոշակ և նպաստ, եթե բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին
- «Արցախփոստ»-ը՝ կենսաթոշակ և նպաստ տրամադրելու մասին
- Թոշակառուները և նպաստառուները 49 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են արել.Նարեկ Մկրտչյան