Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի. պաշտպան
«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի»,- «Գրիգորի Խաչատուրովի գործը՝ դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով ասուլիսում ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նա նշեց, որ պնդումը կատեգորիկ է, դրա հիմնավորումներն ունի. «Կա սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ դատարանի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ:
Հոկտեմբերի 4-ին մենք գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանին, դատարանը որոշում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: Մենք ասում ենք, որ վերադաս ատյանն արձանագրել է, որ դուք սխալ եք թույլ տվել 3 ամսով կալանավորելով Խաչատուրովին, սակայն դատարանն անդրդվելի էր ու երկարաձգում է կալանքը երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը»,- ասաց պաշտպանը։
Նա հայտնեց, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, ու վերաքննիչ բողոքը մակագրվում է նույն դատավորին, ով որ արձանագրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է։
«Նոյեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանը որոշումը հրապարակելու է, Վերաքննիչ դատարանին մնում էր ընդամենը մեկ փաստարկ՝ վերցնել սեպտեմբերի 20-ին կայացրած իր որոշումն ու վերահաստատել այն։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն անօրինական է:
Վերաքննիչ դատարանն այս որոշումը չկայացնելու ընդամենը մեկ տարբերակ ուներ՝ փախնել այն կայացնելուց։
Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը պետք է ազատ արձակվի, հակառակ պարագայում Հայաստանում իրավական առումով դատարան գոյություն չունի»,- ասաց Մ.Պողոսյանը։
Խաչատուրովի պաշտպանը հայտնեց, որ որոշում կայացնողը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովհաննիսյանն էր, ով միակ դատավորն էր, որ այդքան ճնշումների պարագայում ոչ թե երեք, այլ երկու ամսով է երկարաձգել Խաչատուրովի կալանքը. «Այսինքն, ճնշումները ոչ թե անձ-դատավորի դեմ են, այլ առհասարակ դատական համակարգի վրա է ճնշում»։
Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է այս տարվա մարտի 16-ից։ Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազությանտարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
Հարակից հրապարակումներ`
- Կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի «գործով» 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել. փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց
- Խաչատուրովի հետ հանդիպումս «Վարդաշեն» ՔԿՀ-ում անցավ Արցախ-Հայաստան անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում, Աբրահամյան
- Այցելել եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ով խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի վրա, ասելով՝ «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է». Մելքոնյան