ՀՀ ԿԳ ՄՍ՝ հետևաբար դիմեք ԳԹԿ-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2021թ. հունվարին հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»։ Նույն թվականին առաջին անգամ իրականացվեց կամավոր ատեստավորումը՝ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով։ Սակայն այս տարիների ընթացքում հաճախ են ուսուսցիչները բարձրաձայնում ատեստավորման հետ կապված դժգոհությունների, խնդիրների մասին, նույնիսկ բողոքի ակցիաներ անում։
Panorama.am-ը ատեստավորման գործընթացի, կազմված թեստերի վերաբերյալ հարցերով դիմել էր ԿԳՄՍ նախարարություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի պատասխանում նշվում է.
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր շահառուների թիվը շուրջ 30.000 է: Սահմանված իրավակարգավորումներին համապատասխան՝ կամավոր ատեստավորման գործընթացին երեք տարվա ընթացքում մասնակցել է շուրջ 7620 ուսուցիչ: Նրանցից 5179-ը համարվում է ատեստավորված, իսկ համապատասխան տոկոսով հավելավճար ստանում է 3549-ը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառվում էր նախագիծ, որով առաջարկվում էր 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին համարել ատեստավորված և սահմանել դրույքաչափի փոփոխություն` առանց հավելավճարի տրամադրման: Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում էր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչներին ևս մեկ անգամ հաջորդ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել՝ մինչ այդ աշխատանքի շարունակականության խնդիր չունենալով։
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն արդեն իսկ հաստատվել է ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստում: Այսպիսով, ըստ նոր փոփոխության՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կսահմանվի դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով, ինչի շնորհիվ 3 տարիների արդյունքներով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով աշխատավարձի բարձրացումից: Այսպիսով, ընդհանուր առմամբ կունենանք շուրջ 5179 ուսուցիչներ, որոնք վարձատրության բարձրացում կունենան:
Ինչ վերաբերում է ուսուցիչ չաշխատող անձանց, ապա նրանցից կամավոր ստեստավորմանը մասնակցել է 262-ը, համապատասխան արդյունք է գրանցել 202-ը։
Նշենք նաև, որ 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար՝ անկախ տարիքային խմբից։ Կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաև դասվարները, ինչպես նաև չաշխատող, բայց մանկավարժի կրթություն ունեցող, մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում, համապատասխան միավորներ ունենալու դեպքում, կարող են բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատանքի անցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Տեղեկացնում ենք՝ կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման գործընթացի կազմակերպումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, առարկայական գիտելիքի ստուգման թեստերը ևս մշակվում են ԳԹԿ-ում: Հետևաբար, անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ ԳԹԿ-ից։
Հարկ է նշել նաև, որ կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են բացառապես առարկայական ծրագրի շրջանակում /յուրաքանչյուր առարկայի համար իր մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Ատեստավորումը չանցած ուսուցիչների մի մասին հնարավորություն կտրվի երրորդ անգամ փորձել
- Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ
- Դուք ի՞նչ իրավունք ունեք ինձանից այդ ամբողջը պահանջելու. Շողեր Բաբայան
- Ինչ է ակնկալում կառավարությունն ուսուցիչներից
- Ուսուցիչները թեստ են կազմել կրթության ոլորտի պատասխանատուների համար. Պատրա՞ստ եք
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
- Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան